«Թալիբան» շարժման զինյալները պնդում են, որ կարողացել են գրավել Աֆղանստանի նախկին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանի՝ Փանջշերի հովտի զգալի մասը։ Այս մասին Twitter-ում գրել է շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին։
Նրա խոսքով` վերջին երկու օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում թալիբներին հաջողվել է վերահսկողություն հաստատել ռազմավարական կարևորություն ունեցող Հինջի շրջանի, ինչպես նաև Աննաբա, Շոթոլ և Փարյան բնակավայրերի նկատմամբ։ «Թալիբանի» կողմից տարածած տեսանյութում հստակ երևում են Փանջշերի ուղղությամբ հարձակմանը մասնակցող տասնյակ զինյալներ, որոնք տեղաշարժվում են ամերիկյան ամենագնաց զրահապատ մեքենաներով՝ Humvee-ներով։
Փանջշերում գտնվող նախկին կենտրոնական իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը BBC-ին ուղարկած տեսագրության մեջ նշել է. «Կասկած չկա, որ իրադրությունը Փանջշերում շատ ծանր է։ Չնայած դրան դիմադրությունը շարունակվում է»։