Մատչելիության հղումներ

Պուտինն ափսոսում է, որ Լավրովն ու Շոյգուն կարող են պատգամավորներ դառնալ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ափսոսում է, որ նախարարներ Սերգեյ Լավրովն և Սերգեյ Շոյգուն կարող են պատգամավորներ դառնալ։

Արևելյան տնտեսական ֆորումին այսօր Ռուսաստանի նախագահին հարցրել են` արդյոք նա չի՞ ափսոսում, որ Պետդումայի ընտրություններից հետո նրանք ստիպված կլինեն թողնել իրենց պաշտոնները։ Երկրի նախագահը նշել է` գործող նախարարները լավ են աշխատում իրենց տեղերում` միաժամանակ ավելացնելով. «Բայց որոշումներն առաջին հերթին պետք է իրենք կկայացնեն»։

Լավրովն ու Շոյգուն ավելի վաղ հայտարարել էին, թե հպարտությամբ են ընդունել Պետդումայի ընտրություններին իշխող կուսակցության ցուցակը գլխավորելու Պուտինի առաջարկը, սակայն չեն ասել, թե արդյոք ընտրություններից հետո կգնան խորհրդարան, թե կմնան կառավարությունում:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշնանային ընտրություններին «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակի առաջին եռյակում են, Շոյգուն` առաջին հորիզոնականում, Լավրովը` երկրորդ:

Նրանք, բոլոր հարցումների համաձայն, ի տարբերություն «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների, բարձր վարկանիշ ունեն, և քանի որ իշխող կուսակցությունը բարձր վարկանիշ չունի, ընտրություններից առաջ Կրեմլը որոշել է, որ քաղաքական ուժն ընտրություններին գնում է նոր, ավելի ճիշտ` նոր հին դեմքերով։ Ե՛վ Շոյգուն, և՛ Լավրովը համարվում են Պուտինի մտերիմ թիմակիցներ և հաճախ են հայտնվում ռուսական դաշնային հեռուստաընկերությունների եթերներում։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն, ով հայտնի դարձավ վերջին տարիներին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ընտրություններից առաջ քաղաքական կյանքը Ռուսաստանում ակտիվացել է։ Նույնիսկ Պուտինը, ով անցած տարվա փետրվարից մեծամասամբ մեկուսացված ռեժիմով էր ապրում և աշխատում, սկսել է հաճախ հանդիպել ռուսաստանցիների հետ և մասնակցել տարբեր միջոցառումների ոչ օլնայն ֆորմատով։

Մինչդեռ վերլուծաբանները գրում են, որ արդար պայքարի դեպքում իշխող կուսակցությունը նույնիսկ այս պայմաններում չի կարող լուրջ մեծամասնություն ունենալ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Ընտրություններից առաջ Ռուսաստանի իշխանությունները չեզոքացրել են կոշտ ընդդիմությանը՝ Պուտինի ամենահայտնի և ամենակոշտ ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին կալանավայրում է, նրա թիմակիցները մեծամասամբ ստիպված են եղել թողնել երկիրը, ավելին՝ Նավալնիի կառույցներն ընդհանրապես ճանաչվել են էքստրիմիստական, և նրանց գործունեությունն արգելված է Ռուսաստանում։

Լուրջ սահմանափակված է նաև անկախ լրատվամիջոցների գործունեությունը, նրանց մի զգալի մասը ճանաչվել է «արտասահմանյան գործակալ»:

Այդուամենայնիվ, նույնիսկ այս պայմաններում Ռուսաստանի իշխանությունները պետք է լուրջ ջանքեր գործադրեն արդեն երկու շաբաթից կայանալիք ընտրություններում համոզիչ հաղթանակ գրանցելու համար։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնական մրցակիցը, ինչպես և անցած մի քանի ընտրություններին, Կոմունիստական կուսակցությունն է, որ ավանդույթի համաձայն բարձր վարկանիշ ունի հասարակ ռուսաստանցիների շրջանում։

Ռուսական անկախ մամուլն այսօր գրել է, որ իշխանությունները պատրաստվում են դիմել խախտումների ընտրություններին։

«Նովայա գազետա»-ն ստացել է Մոսկվայի մարզի Կորոլև քաղաքում կայացած հանդիպման աուդիո ձայնագրություն, որտեղ քննարկվում են Պետդումայի առաջիկա ընտրությունների կեղծման նախապատրաստական աշխատանքները: Աուդիոձայնագրությունում ընտրական հանձնաժողովների ղեկավարներին հանձնարարվում են կոնկրետ թեկնածուների ձայների քանակի վերաբերյալ առաջադրանքներ: Ձայնագրությունում հստակ բացատրում են, թե ինչպես ապահովել այդ արդյունքը: «Նովայա գազետա»-ն իր նյութում հրապարակել է ձայնագրությունից հատվածներ:

Ընտրական հանձնաժողովների ղեկավարների համար նախատեսված ճեպազրույցի հաղորդավարն ասում է, որ «կոնկրետ կուսակցության» համար կուսակցությունների ցուցակներում պահանջվում է 42-45 տոկոս ձայն:

Թերթին ձայնագրությունը հանձնել է հանդիպման մասնակիցներից մեկը: «Նովայա գազետա»-ն ենթադրում է, որ ճեպազրույցը վարել է Կորոլև քաղաքի ղեկավարի խորհրդական Ժաննա Պրոկոֆևան: Լրատվամիջոցոը հայտնել է, որ ձայնագրություններն ուղարկել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Պետդումայի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-19-ը` երեք օր համավարակի պատճառով։

XS
SM
MD
LG