Մատչելիության հղումներ

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը


Մոսկվան արձանագրել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շուրջ դրական ազդակներ: «Գիտեք, Մոսկվան մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու դիրքերից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` հավելելով, թե 2009-ին Մոսկվան արդյունավետ աջակցել է առանց նախապայմանի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին և դրական դերակատարություն է ունեցել ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման գործում:

Մոսկվան այսօր էլ պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Զախարովան: Ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս նա, սակայն, հստակ չի պատասխանել, թե արդյոք այդ հարաբերությունների կարգավորումը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, պարզապես նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարեկեցությանը։

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան կողմ է վեց երկրների հարթակին, որը նախաձեռնել է Թուրքիան: Խոսքը տարածաշրջանի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին է։

Այսօր Մարիա Զախարովան խոսել է նաև Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից` նշելով, թե Մոսկվան ողջունում է համանախագահների գործունեության ակտիվացումը վերջին շրջանում և համարում է, որ համանախագահները պետք է հաշվի առնեն տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը և առաջին հերթին զբաղվեն հումանիտար հարցերով, ինչից հետո հնարավոր կլինի անցնել քաղաքական կարգավորմանը։

Վերջին օրերին պաշտոնական Երևանը և Անկարան հեռակա երկխոսություն են սկսել հարաբերությունները կարգավորելու հնարավորության շուրջ: Օգոստոսի 27-ին կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության թեմային անդրադառնալիս ասել էր, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և պաշտոնական Երևանն այդ ազդակների կպատասխանի: Դրական ազդակները հավանաբար Թուրքիայի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունն էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա:

Դրանից երկու օր անց` անցած կիրակի Թուրքիայի նախագահը նորից անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը` ասելով, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ՝ բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։

Պաշտոնական Անկարան ետպատերազման շրջանում մի անգամ չէ, որ հայտարարել է, թե նոր իրավիճակը տարածաշրջանում թույլ է տալիս խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: 2009-ին Անկարան ի պատասխան առանց նախապայմանի հարաբերությունները կարգավորելու Երևանի առաջարկին` հարցը կապում էր ղարաբաղյան խնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ:

Մոսկվան էլ հրապարակավ ողջունում է պաշտոնական Երևանից և Անկարայից եկող դրական ազդակները և առաջարկում հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացայի աշխատանքները` տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Պաշտոնական Երևանը մի կողմից խոսում է Անկարայի հետ հարաբերություններում նոր էջ սկսելու հնարավորության մասին, մյուս կողմից հայտարարում, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի աշխատանքները սկսելու մասին այս պահին դեռ կարելի խոսել, քանի դեռ մայիսի 12-ից ադրբեջանական ստորաբաժանումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում են:

XS
SM
MD
LG