Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար


Գեորգի Գախարիա
Գեորգի Գախարիա

Վրաստանի նախկին վարչապետ, այս տարվա փետրվարին կուսակիցների հետ հակասությունների պատճառով երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերն ու կառավարության ղեկավարի պաշտոնը լքած Գեորգի Գախարիան կմասնակցի հոկտեմբերի սկզբին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ պայքարելով Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս մասին Գախարիան հայտարարել է չորեքշաբթի երեկոյան՝ իր կողմնակիցներին միավորող «Հանուն Վրաստանի» շարժման նախընտրական հավաքի ժամանակ։

«Ցանկանում եմ դիմել իմ նախկին թիմակիցներին։ Այսօրվանից դուք գործ ունեք ինձ հետ։ Համերաշխություն հայտնելով մեր կողմից առաջադրված բոլոր թեկնածուների հետ, որոնք բավական դժվարին պայմաններում պայքարում են հանուն Վրաստանի քաղաքացիների շահերի՝ ես առանց քաղաքական սեթևեթանքի հայտարարում եմ, որ ներգրավվելու եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին», - հայտարարում էր Գախարիան։

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են նաև գործող քաղաքապետ, «Վրացական երազանքի» անդամ Կախա Կալաձեն, Միխայիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ինչպես նաև գործարար Մամուկա Խազարաձեի «Լելո» կուսակցության կողմից առաջադրված Աննա Բիբիլաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG