Ադրբեջանական զինուժի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել՝ 39-ամյա պայմանագրային Գեղամ Լյովայի Սահակյանը: Կրտսեր սերժանտն Արտաշատ քաղաքից է, երկու անչափահաս երեխաների հայր, ընտանիքի միակ աշխատողը:
Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ այսօր ժամը 11.10-ի սահմաններում է ադրբեջանական կողմը սադրանքի դիմել, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Ռազմական գերատեսչությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ընդգծել են պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Բաքուն հերքում է տեղեկությունը, այդ երկրի պաշտպանության նախարարությունը անհիմն է համարում հայկական կողմի մեղադրանքները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, իրենք հայկական սահմանային բնակավայրերից անասունների չեն առևանգում, չեն հրդեհում բնակիչների խոտհարքները:
Նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունից հետո 10 հայ զինծառայող է սպանվել ադրբեջանական կրակոցից: Հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով՝ Երասխ, Սյունիք, Վարդենիս, պարբերաբար միջադեպեր են գրանցվում:
Միայն երեկ 160 հեկտար տարածք է այրվել Կութում, հիմա էլ հրդեհներ են
Վերջին օրերին էլ ադրբեջանցի զինծառայողները կրակի են տալիս Կութի, Սոթքի արոտավայրերն ու խոտհարքները: Միայն երեկ 160 հեկտար տարածք է այրվել Կութում, հիմա էլ հրդեհներ են, ասում է Գեղամասարի համայնքապետը։ Կութը, Սոթքը այս համայնքի կազմում են. «Մեր կողմից հենց տեսանելի է, որ ասենք էտ հրշեջներն աշխատում են, մարում են հրդեհը, մեկ էլ տեսնում ես վառած պագռիշկա, նորից թուրքերը գլորեցին ուրիշ ուղղությամբ, ու էտ պագռիշկեն արդեն պաժառ է տարածում, անում են դիտավորյալ», - նշեց Հակոբ Ավետյանը:
Երրորդ օրն է` Վարդենիսի տարածաշրջանի այս գյուղերում հրդեհները մարել չի ստացվում, հրշեջ փրկարարների մի քանի մարտական հաշվարկներ են աշխատում, բնակիչներն են փորձում օգնել, փրկել իրենց անասունների համար հավաքած կամ հավաքելիք խոտը: Համայնքապետ Ավետյանն ասում է՝ ադրբեջանցի զինվորները դիտավորյալ այրվող անիվներն ուղարկում են արդեն հավաքած խոտի դեզերի ուղղությամբ. «Այն ուղղությունների վրա են հրդեհ տարածում, որը տեսնում են, որ վնասը շատ կարա լինի: Հրդեհն էլ որ բռնկվեց, արդեն քամին է ուղղությունը տանում, մարդկանց քաղած խոտը լրիվ վառում»:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի տեղեկացմամբ՝ հրշեջ փրկարարներն այս պահին էլ շարունակում են աշխատել, Կութի օջախը դեռևս չի մարվել:
«Ներկա պահին Կութում շարունակվում է, երկու ժամ առաջ է ավելի ուժեղացել, կրակը շատացավ», - նշում է Գալստյանը:
Տեղանքին տեխնիկա հնարավոր չի մոտեցնել, շեշտում է գնդապետ Գալստյանը` հրշեջներն աշխատում են հիմնականում ձեռքերով. «Ոչ մի տեխնիկա հնարավոր չի մոտեցնել, քանի որ դա սարի լանջին է: Ինչքան կարողանում ենք, մոտեցնում ենք մենք մեքենաներով տղաներին, այնտեղից ոտքով մինչև 500-600 մետր բարձրանում են ու սկսել են աշխատել»:
3.5 ամիս է` ադրբեջանական կողմը ներխուժել է հայկական տարածքներ՝ դիրքավորվել են Սոթքի, Կութի, Նորաբակի բարձունքներին, զբաղեցրել արոտավայրերը: Անասնապահությամբ զբաղվող այս գյուղերում մարդիկ ապրուստի հնարավորությունն են կորցրել՝ արոտավայրերն ու խոտհարքներն այժմ կա՛մ ադրբեջանցիների հսկողության տակ են, կա՛մ նրանց թիրախում։ Եվ այս ամենին էլ գումարվել են հրդեհները: Կութի բնակչուհի Գայանե Վերդյանն ասում է՝ այժմ տնից հետևում է, թե ինչպես են կրակի օջախները տարածվում մինչև իր խոտհարքը. «Հիմա վառվում է, հանգցրել են, բայց էսօր առավոտից սկսել է վառվել, իջնում է, կհասցնեն հանգցնեն, չգիտեմ, եթե մինչև իրիկուն չհասցրին, հասնելու է: Արոտավայրերը վառվեց, խոտհարքները վառվում են, էլ էստեղ մարդ ապրի որ ի՞նչ»:
Հունիսի սկզբին ադրբեջանցիները Կութից 81 կով էին տարել անվերադարձ: 19-ը Գայանե Վերդյանի անասուններն էին, 10 կով էր մնացել, դա էլ հնարավոր չէ պահել, հուսահատվում է Կութի բնակչուհին. «10 հատից էլ 2-3 հատը ծախել ենք, որ խոտի հարցը լուծենք մնացածի ու իրենց հորթերը, մի կապ խոտն էլ 2000 դրամ է: Մարդ չգիտի` ինչ անի»: