Զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ կա՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը, այսօր Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը:
Ընդգծելով, որ Հայաստանը կրթական ոլորտի բարեփոխումների փուլում է՝ նախարարը շեշտել է՝ դրանք միտված են «յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանն» ու վստահություն հայտնել, որ «միասին կհաջողեն»:
«Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը», - իր ուղերձում ասել է նախարարը՝ եզրափակելով․ - «Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ»։
Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը՝ կարևորելով ջանքերի ներդրումը ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար։
«Ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով պիտի դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման», - ասել է Վեհափառ Հայրապետը։
Կորոնոավիրուսային համավարակով պայմանավորված, առաջին դասարանցիներն այս տարի դպրոց գնացին մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին, որպեսզի հաստատությունների բակում կուտակումները հնարավորինս քիչ լինեն։ Այս տարի Հայաստանում առաջին դասարան գնաց շուրջ 37 հազար երեխա։