Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՄԻՊ-ի` միջազգային կառույցները պիտի Ադրբեջանին ստիպեն ամբողջական տեղեկություն տալ իր մոտ գտնվող անձանց վերաբերյալ


Մինչ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն ուշադրություն է հրավիրում պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող անձանց խնդրի ու նրանց հարազատների տառապանքի վրա, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հերթին ահազանգում է՝ ադրբեջանական կողմը պատշաճ չի համագործակցում ո՛չ հայկական կողմի, ո՛չ միջազգային կազմակերպությունների հետ 44-օրյա պատերազմում անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։

«Հայ զինծառայողների և որոշ քաղաքացիական անձանց ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ կան անհերքելի փաստեր։ Դրանք, օրինակ, սոցիալական մեդիայից հավաքագրած տեսանյութերն են, որոնցում երևում են մեր զինծառայողները, կոնկրետ քաղաքացիական անձանցից Բենիկ և Էլզա Ավթանդիլյանների մասին կարող եմ նշել, ովքեր Շուշիի մոտից են բռնի անհետացել: Փաստորեն, նրանց հետ գերեվարված անձը վերադարձել է, սակայն այդ տարեց անձինք, այդպես էլ ադրբեջանական կողմից չի տրամադրվել որևէ տեղեկատվություն նրանց մասին։ Սա թույլ է տալիս պնդելու, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ կան հայ և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք, ում վերաբերյալ Ադրբեջանը մեզ որևէ տեղեկություն չի տրամադրում», - նշում է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի օմբուդսմենը խնդրի շուրջ կրկին միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում. «Միջազգային հանրության հստակ անելիքը կա, որպեսզի Ադրբեջանին բերեն այս հարցում կառուցողական դաշտ, թե՛ ճնշման, թե՛ համագործակցության միջոցով կլինի Ադրբեջանին ստիպեն, որպեսզի հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրի»։

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հայտնում է՝ արդեն երկու օր է, ինչ առանց պատճառաբանության դադարեցվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները։

«Մենք ամեն առավոտ գնում ենք Շուշի, Շուշիի մատույցներում պայմանավորվածություն է ձեռք բերվում, ընտրում ուղղությունները և այդպես շարունակում իրականացնել աշխատանքը: Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն է անմիջապես դա ղեկավարում, բայց երեկ ասացին, որ երկու օր դադարեցվում է, բայց պատճառը չգիտենք, բնականաբար, դրա համար երկու օր չեղավ», - նշում է ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը:

Պատերազմի մեկնարկից գրեթե մեկ տարի անց էլ փրկարարները զոհվածների մասունքներ են հայտնաբերում։ Որոնողական աշխատանքները այժմ հիմնականում կատարվում են Արցախի հարավում. «Հիմնականում հարավային ուղղության վրա է կենտրոնացված` Վարանդայի և Ջրականի շրջաններում:

Ամենաշատ զոհերը այդ տարածքում ենք տվել», - մանրամասնում է խոսնակը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այսօր ասաց նաև, որ մինչ օրս 23 քաղաքացիական անձի վերաբերյալ տեղեկություն չունեն։ Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 243 զինծառայող։ Պաշտոնական տվյալներով՝ ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվել է 3773 մարդ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG