Մատչելիության հղումներ

Արցախի միջազգային կարգավիճակի հարցը պետք է լուծվի և մեր դրոշը պետք է ծածանվի ՄԱԿ-ում. Արցախի պետնախարար 


Աշխարհը պետք է ճանաչի Արցախի միջազգային կարգավիճակը, ինչը կարող է երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը հերթական ագրեսիայի զոհ չեն դառնա՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Այս տարվա սեպտեմբերի 2-ին Արցախը նշելու է անկախության հռչակման 30-րդ տարեդարձը։

Արտակ Բեգլարյան. - Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակի հարցը պետք է շատ արագ և մեկընդմիշտ լուծվի: Դա մեզ համար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Թե ի՞նչ ձևով, ի՞նչ փաստարկներով, ի՞նչ մեղանիզմներով, դա թող միջազգային հանրությունը որոշի: Բայց միջազգային հանրությունը պարտավորություն է կրում Արցախի բնակչության հանդեպ այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝ իրենց ձախողման համար, որ միջազգային իրավունքը չի պահպանվել, ուժի կիրառումը տեղի է ունեցել, ուժի կիրառման ընթացքում չի կանխվել, հետագայում նաև պատժիչ գործողություններ տեղի չեն ունեցել Ադրբեջանի հանդեպ, նույնիսկ այն պարագայում, որ Ալիևը հստակ կերպով, առանց ամոթի խոստովանում է, որ իրենք են սկսել պատերազմը: Բայց առանց այդ խոստովանության էլ միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն է սկսել: Սրանով արդեն շատ լուրջ խախտումներ են տեղի ունեցել պլյուս պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումները:

Բացի դրանից Արցախի բնակչության համատարած իրավունքների խախտումները՝ և՛ շարունակական, և՛ մեկանգամյա, որոնց մասին բազմիցս խոսել ենք, ես էլ որպես մարդու իրավունքների պաշտպան ներկայացրել եմ անժխտելի փաստեր, առ այսօր ներկայացնում ենք, սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ձախողվել է իր պարտավորությունների կատարման հարցում և որպես փոխհատուցում ու որպես կանխարգելիչ միջոց հետագա նմանատիպ իրավունքների խախտումների համար, նաև ցեղասպանության ռիսկը կանխարգելելու համար միջազգային հանրությունն ուղղակի պարտավորություն ունի մեկընդմիշտ մեր միջազգային կարգավիճակի հարցը լուծել ու այս հակամարտության էջը փակել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունն էլ որևէ ձևով այս թափած արյունով ոգևորված ակնկալիք չունենան, որ իրենք կկարողանան ևս մեկ անգամ ուժ կիրառել կամ կկարողանան կիրառած ուժի հետևանքների ու սպառնալիքների հիման վրա մեզ ստիպեն, որ մենք այս վիճակի հետ համակերպվենք կամ ընդունեն որևէ միջանկյալ տարբերակ: Սա պարզապես բացառվում է:

«Ազատություն». - Պարոն Բեգլարյան, երբ որ խոսում եք կարգավիճակի մասին, պաշտոնական Ստեփանակերտում ի՞նչ կարգավիճակ են պատկերացնում և ինչպե՞ս պետք է հասնել այդ կարգավիճակին:

Արտակ Բեգլարյան. - Ես հստակ ասացի, որ այդ կարգավիճակը մենք պատկերացնում ենք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման տեսքով, այսինքն՝ Արցախի դրոշը պետք է ծածանվի ՄԱԿ-ում, եթե այսպես պատկերավոր ձևով պետք է ասեմ: Թե ինչպե՞ս պետք է հասնենք դրան, դա կախված է և՛ մեզնից, և՛ Հայաստանի Հանրապետությունից, և՛ ամբողջ հայությունից, նաև միջազգային հանրությունից, որոնք պարտավորություններ ստանձնել եմ միջազգային իրավունքով, նաև Մինսկի խմբի գործընթացը սկսելով 90-ականների:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG