Եվրամիությունը վերստին հայտարարում է, թե պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի գործում: Ուղերձը փոխանցել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Բորելն իր ուղերձում նշել է, որ Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկերն է, և ընդգծել, որ 2018 թվականից` թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերություններն էականորեն ակտիվացել են:
«Մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ», - նշել է Եվրամիության արտգործնախարարը։
Փաստելով, որ Միրզոյանը պաշտոնը ստանձնում է Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում, Բորելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու ղարաբաղյան խնդրի տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում», - ընդգծել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը: