Մատչելիության հղումներ

Պատերազմին հաջորդած մեկ տարին իշխանությունները բաց թողեցին. Միքայել Նահապետյան 


44-օրյա պատերազմին հաջորդած գրեթե մեկ տարին Հայաստանի համար կորսված ժամանակահատված է՝ գերազանցապես Նիկոլ Փաշինյանի կառավարության պատճառով, «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի՝ նախորդ ամիսներին իշխանությունները, ըստ էության, ոչինչ չեն արել՝ երկրում հիմնարար փոփոխություններ առաջացնելու համար, որոնց կարիքը հատկապես զգացվում է 44-օրյա պատերազմից հետո։

Միքայել Նահապետյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Երկու ամիս է անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, երկիրը գնաց այդ ընտրություններին լրջագույն խնդիրներ ունենալով։ Հասկանալի է, որ այս երկու ամսում ոչ ոք չէր սպասում լրջագույն արդյունքների իշխանություններից, բայց այն, ինչ-որ Դուք տեսնում եք, ի՞նչ եք մտածում, որքանո՞վ են իշխանությունները լուրջ տրամադրված, որքանո՞վ են նրանց քայլերը համահունչ երկրի առջև ծառացած խնդիրներին։

Միքայել Նահապետյան․ - Ակնհայտորեն հնարավոր չէր երկու ամսում լուծել, կամ տեսանելի տեղաշարժ արձանագրել այն խնդիրների, որոնք մենք ունեինք։ Հնարավոր էր անել ավելին այն մոտ 9 ամիսների ընթացքում, որն անցել է պատերազմից հետո։ Դա հնարավոր կլիներ, եթե ի սկզբանե քաղաքական ուժերը ականջալուր լինեին տարբեր շրջանակներից, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից հնչող հորդորներին, առաջարկներին, ձևաչափերին՝ կրքերը հանդարտեցնելու և խնդիրների լուծման վրա կենտրոնանալու։ Այդ ժամանակը բաց է թողնվել, այդ ժամանակում այն, ինչ տեսանելիորեն հնարավոր էր առաջ շարժել, առաջ չի շարժվել, բայց, այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք։ Երկու ամսում, իհարկե, հնարավոր չէր տեսանելի տեղաշարժ, բայց նման գործընթացները գնահատելիս, օրինակ, ինձ համար որպես մի մարդու՝ քաղաքացու, էական կարևորություն ունի ոչ թե էս կարճաժամկետ ընթացքում արդյունքն, այլ՝ կուրսը, որդեգրված ուղղությունը՝ արդյո՞ք որևէ կետում, ասենք եթե անցնի 30 տարի, կարող է հանգեցնել մեր խնդիրների լուծմանը։

Ես պիտի ցավով արձանագրեմ, որ որդեգրված կուրսը չի կարող որևէ դեպքում հանգեցնել դրական արդյունքի։ Մասնավորապես, ինչի՞ մասին եմ խոսում․ անվտանգային հարցերում քաղաքացիների հետ, ինչպես նաև վերլուծական շրջանակների հետ, ինչքանով էլ որ դրանք թույլ են զարգացած, նեղ շրջանակներ են, զրո թափանցիկություն կա։ Մարդիկ ապրում են տոտալ անտեղյակության մեջ և կա կառավարության ու նրա արտաքին գործընկերների մոնոպոլիան՝ անվտանգային հարցերում մեր անելիքների ու եղած խնդիրների մասին։ Չկա բացություն։

Երկրորդը՝ պրակտիկորեն զրո աշխատանք է տարվում ինստիտուտներ ձևավորելու ուղղությամբ։ Այսինքն՝ ինստիտուտներ, որոնք կկարողանան հասկանալ՝ ինչ խնդիրներ ունենք մենք, ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչ գլոբալ տենդենցներ կան ու ինչ պետք է անենք, որպեսզի այդ խնդիրները հաղթահարենք, իսկ ես, որպես մի մարդ, և ոչ մի քաղաքացի անհատապես, էդ խնդիրների լուծումն իր գլխում չի ծագելու։ Էդ խնդիրների լուծումն էս բարդ աշխարհում կոմբինացված, իրար հետ համատեղ աշխատանքի արդյունքում է ծագում, դրա համար ստեղծում են ինստիտուտներ։ Չկա էդ ուղղությամբ աշխատանք։ Նոր միֆերի ձևավորում է գնում, այսինքն՝ «այ, ոչ մի բան հնարավոր չէր անել, 30 տարում քանդած էր»։ Հակառակ կողմից՝ «30 տարում ամեն ինչ սարքած էր, դուք եկաք երեք տարում քանդեցիք»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG