Ռուսաստանը չի ուզում ամերիկացի զինվորների տեսնել Կենտրոնական Ասիայում, նրանց տեղակայումը երկիրը թիրախ կդարձնի առկա սպառնալիքների համար, այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ պայմանավորվածություններ ունի, որոնց համաձայն արտաքին ուժերի տեղակայումը ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրում հնարավոր է միայն դաշնակից բոլոր պետությունների հավանության դեպքում։
«Ես խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր, լինի դա Կենտրոնական Ասիայում, թե այլուր, շահագրգռված է հայտնվել թիրախում միայն այն բանի համար, որ ամերիկացիները բավարարեն իրենց ինչ-ինչ նախաձեռնություններ», - ասել է Լավրովը։
Նախօրեին ՀԱՊԿ անդամ պետությունները Աֆղանստանի շուրջ արտահերթ նիստ էին անցկացրել, և որոշել համաձայնեցնել քաղաքականությունն այս հարցում։