Մատչելիության հղումներ

Ըստ Սեֆիլյանի, Արևմուտքը թույլ չի տա լայնամասշտաբ նոր պատերազմ


Արևմուտքը թույլ չի տա լայնամասշտաբ նոր պատերազմ, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարական բևեռի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք տեսնո՞ւմ եք հերթական լայնամասշտաբ պատերազմի վտանգ՝ հաշվի առնելով, որ հրադադարից համարյան 10 ամիս անց էլ բավական մեծ լարվածություն կա սահմաններին:

Սեֆիլյան. - Ունենալ Թուրքիայի նման հարևան, էրդողանյան Թուրքիայի նման Թուրքիա, ամեն ինչ սպասելի է, բայց կարծում եմ, որ Արևմուտքը թույլ չի տա մեծ մասշտաբի պատերազմ մեր մոտ առաջիկա ժամանակներում:

«Ազատություն». - Այսինքն կզսպի՞ այդ ախորժակը:

Սեֆիլյան. - Անշուշտ: Այժմ, այսինքն նոյեմբերի 9-ից հետո ևս մենք նկատում ենք, որ Արևմուտքը շատ ակտիվացել է և թույլ չի տալիս Հայաստանի Հանրապետության բզկտումը:

«Ազատություն». - Դա ինչպե՞ս է արտահայտվում, պարոն Սեֆիլյան:

Սեֆիլյան. - Եթե չլիներ Արևմուտքի միջամտությունը, մենք նկատում ենք դա նրանց կառավարությունների ամենաբարձր մակարդակով հայտարարությունների տեսքով, նկատում ենք նրանց դեսպանների ակտիվությամբ մեր մոտ, մասնավորապես Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի: Այդ բոլորը հասկացողը կհասկանա, ինչպիսի մեսիջներ են այդ դեսպանները փոխանցում իրենց այցերով, իրենց խոսքերով, աննախադեպ ակտիվությամբ և այլն: Գլխավորապես այստեղ խնդիրը Սյունիքն էր, թշնամին որոշել էր նոյեմբերի 9-ից հետո շաբաթներ անց կամ առնվազն մի քանի ամսվա ընթացքում կորիդորի հարցը լուծել, որ պայմանավորվել էին երևանյան ադմինիստրացիայի հետո, սակայն կարծում եմ, որ որոշ չափով մեր ժողովրդի՝ ատամները կռճտացնելով, գռմռոցով մեր ժողովրդի, այո, այսօր շատ ակտիվ չէ մեր ժողովուրդը, բայց վստահաբար ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ էր, ըստ էության, որ այդպիսի բան լինի և Արևմուտքի ուղիղ միջամտության պատճառով այդ բզկտումը տեղի չունեցավ, այսինքն՝ Սյունիքից կորիդոր չբացվեց: Այժմ ևս այդ փորձերը շարունակվում են, սակայն Արևմուտքի միջամտության պատճառով ալիևյան կողմն այսօր տարակուսած վիճակի մեջ է, ինչ-որ չափով շվարած վիճակում են:

«Ազատություն». - Պարոն Սեֆիլյան, Ալիևն ասում է՝ ի՞նչ Մինսկի խումբ, ի՞նչ բան, թքած ունենք, չկա, լուծված է հարցը:

Սեֆիլյան. - Ադրբեջանն այն պետությունը չէ, որ ինքնություն կարողանա որևէ լայնամասշտաբ գործողություն կատարել: Այստեղ Թուրքիայի և Ռուսաստանի հանգամանքը շատ կարևոր է եղել, 44-օրյա պատերազմ լինելու համար նրանց ուղիղ միջամտությունը եթե չլիներ, այդ պատերազմը չէր լինի: Դրա համար այժմյան Արևմուտքի միջամտությունը, այս չափի ճնշումը եթե պահպանվի, ես կարծում եմ, որ լայնամասշտաբ չի լինի,սակայն պարբերաբար ի վնաս մեզ սահմանային գործողություններ կլինեն, դա կլինի և՛ անդառնալի կորուստների տեսքով, ինչը օրը մեջ մենք լսում ենք, և՛ կարող ենք լսել՝ այսինչ բարձունքը նորից գրավված է թշնամու կողմից, այսինչ ձորակը, նոր առևանգումներ և այլն:

«Ազատություն». - Ընդունում կամ հաշվի նստո՞ւմ եք ընտրությունների արտացոլած պատկերի հետ, որ ժողովրդի մեծամասնությունը ուզում է նորից Փաշինյանին տեսնել երկրի ղեկին կամ մյուսները նրանից ազատվելու կամ գուցե նախկինների վերադարձի համար Քոչարյանին, Սարգսյանին ձայն տվեցին:

Սեֆիլյան. - Մենք այս ընտրությունների արդյունքը չենք ընդունում տարբեր պատճառներով, նախ, մթնոլորտը երկրում, հոգեբանական իրավիճակն այնպիսին էր, որ ոչ ոք իրավունք չուներ ընտրություններ անցկացնելու և առավել ևս, որ մենք գիտենք՝ ինչպիսի կեղծիքներ են տեղի ունեցել:

«Ազատություն». - Ինչքան էլ կեղծեին, դուք 1,5 տոկոս եք ստացել, պարոն Սեֆիլյան:

Սֆիլյան. - Ես վստահ եմ, որ մեր ստացած ձայները վստահաբար 5 տոկոսից ավելի են եղել, մենք դա զգացել ենք, մենք դա գիտենք, շատերը գիտեն, այսօր էլ են հասկանում: Սակայն հասկանում ենք մենք անշուշտ, որ որոշ շերտ գնացել և քվեարկել է Փաշինյանին, որոշ շերտ գնացել և քվեարկել է Քոչարյանին, և այս թատրոնը, որը նրանք կազմակերպեցին, քաղաքական այնպիսի տեխնոլոգիաներ օգտագործեցին, որ մեր նման ուժերը չերևացին: Սա նրանց մինչև այժմ հաջողվել է, սակայն ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, և ես վստահ եմ, որ շաբաթ առ շաբաթ մեր ժողովրդի մոտ վիճակ է փոխվելու: Արդեն այսօր մենք նկատում ենք դա՝ և՛ Քոչարյանին ձայն տվողների մի մասը հասկանում է՝ այս ինչ մենք արեցինք, և՛ Փաշինյանին:

«Ազատություն». - Ծրագրո՞ւմ եք էլի հավաքներ անցկացնել:

Սեֆիլյան. - Անպայման, ավելին, մենք օդի մեջ չենք ասում, որ մենք որևէ ժամանակ որևէ, առիթ բաց չենք թողնելու:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG