Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։
«Նպատակն է՝ համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։
Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, երկրից հեռանան։
«Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հեյկո Մաասը։
Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է։ «Ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիրը, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», - երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել:
Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։