Մատչելիության հղումներ

Լորուտի մոտ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու, այլ հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 7 անձի


Լորուտ գյուղի մոտ մի խումբ անձանց կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 7 անձի, 4-ը կալանավորվել է, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ օգոստոսի 14-ին 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով: Ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:

Ինչպես դատախազությունն է նշում՝ ստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը, Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել է ձորը: Դրա հետևանքով մահացել են «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված՝ Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված՝ Հովհաննես Ղազարյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված՝ Վահրամ Դանիելյանը:

Դրանից հետո ոստիկանության ծառայողները իջել են ավտոմեքենայից և փորձել օգնություն ցուցաբերել, միաժամանակ կապվել են ոստիկանության Թումանյանի բաժին՝ հավելյալ ուժեր և շտապ բուժօգնություն կանչելու նպատակով: Նույն ժամանակ դեպքի վայրին են մոտեցել նաև հարակից գյուղերի դեռևս ինքնությունները չպարզված բազմաթիվ անձինք, ովքեր սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության վերը նշված ծառայողներին, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև հրկիզման եղանակով այրել են օգնության ժամանած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ օգոստոսի 15-ին ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի [Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը]3-րդ մասով, 258-րդ հոդվածի [Խուլիգանությունը] 3-րդ մասի 1-ին կետով, 316-րդ հոդվածի [Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը]1-ին մասով, 185-րդ հոդվածի [Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը] 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Բացի այդ, հիշյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Այսպիսով, հիշյալ քրեական գործով, դատախազության փոխանցմամբ, մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG