Մատչելիության հղումներ

«Քննադատել ենք ոչ թե թիմակցի, այլ քննիչի աշխատասենյակում երկրի ղեկավարի նկարը փակցնելը», ասում է ՔՊ-ական պատգամավորը


Պատգամավորներն, ովքեր վարչապետի նկարը փակցրել են իրենց աշխատասենյակներում, իրենք են որոշում, օրինակ, սիմվոլների հետ՝ գերբի, եռագույնի հետ, որպես սիմվոլ, փակցնել վարչապետի լուսանկարը, թե՝ ոչ։ Այս մասին «Ազատության» «Կիրանօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակի պատին փակցված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին, որ քննադատությունների պատճառ դարձավ։

Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Հակոբյան, խոսենք այս շաբաթ տարակուսանքի պատճառ դարձած մի իրողության մասին, որին շատ դժվար կլիներ հավատալ, օրինակ, երկու տարի առաջ․ խոսքը Նիկոլ Փաշինյանի նկարի մասին է՝ լրագրողներին հաջողվել է լուսանկարել Անդրանիկ Քոչարյանի սենյակը, որտեղ պատին փակցված է վարչապետի նկարը։ Ժամանակին հենց ինքներդ էիք քննադատում այդ երևույթը, պարզապես անթույլատրելի համարում գործադիր մարմնի ղեկավարի լուսանկարներն օրենսդիր մարմնի գրասենյակներում կախելը։ Բացի այդ, սա համարվում է արդեն ավտորիտարիզմի հնարավոր դրսևորման առաջին ազդանշանը։ Ի՞նչ կարող եք ասել։

Հրաչյա Հակոբյան․ - Մենք ժամանակին քննադատել ենք ոչ թե գործադիր մարմնի ղեկավարի նկարն, օրինակ, իր քաղաքական թիմակցի սենյակում փակցնելն, այլ մենք քննադատել ենք շատ կոնկրետ, օրինակ, եթե գործադիր մարմնի ղեկավարի նկարը փակցված է եղել, օրինակ, քննաչական աշխատող քննիչի աշխատասենյակում։ Եթե մենք հիմա գնանք շրջայց կատարենք, օրինակ, մեր Քննչական կոմիտեում, ապա ես վստահ եմ, որ Քննչական կոմիտեիում որևէ քննիչի սենյակում մենք չենք տեսնի վարչապետի նկարը կախված։ Իսկ Անդրանիկ Քոչարյանի կամ մնացած էն պատգամավորների, ովքեր որ վարչապետի նկարը փակցրել են իրենց աշխատասենյակում, դա կարելի է ասել, որ իրենց քաղաքական առաջնորդն է, մեր քաղաքական առաջնորդն է, և յուրաքանչյուրն ինքը կարող է որոշել, օրինակ, սիմվոլների հետ՝ գերբի, եռագույնի հետ արդյո՞ք որպես սիմվոլ, կփակցնի վարչապետի լուսանկարը, թե՝ ոչ։ Կրկնում եմ՝ որևէ քննիչի, ոստիկանի աշխատասենյակում մենք չենք հանդիպի վարչապետի նկարին։

«Ազատություն»․ - Բայց, օրինակ, եթե խորհրդարանի խոսնակը տեղադրի վարչապետի նկարն իր աշխատասենյակում, դա նորմա՞լ է Ձեր կարծիքով։

Հրաչյա Հակոբյան․ - Ես եղել եմ խորհրդարանի խոսնակի աշխատասենյակում և վարչապետի նկարն այնտեղ փակցված չեմ տեսել։

«Ազատություն»․ - Իսկ ընդհանրապես պարտադրվա՞ծ է դա, թե՞՝ ոչ։

Հրաչյա Հակոբյան․ - Ես արդեն ասացի՝ յուրաքանչյուրն իր որոշումն ունի՝ փակցնե՞լ, թե՞՝ չփակցնել, որևէ պարտադրանք չկա։

«Ազատություն»․ - Մյուս անսովոր իրադարձությունը, որ կարող էր տեղի ունենալ Տաշքենդում, Մոսկվայում, Բիշքեքում, Բաքվում, բայց ոչ՝ Երևանում, վարչապետի ժամանման մասին է խոսքը «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, բացի Ազգային ժողովի նախագահից։ Փաստորեն բոլոր առանցքային պաշտոնյաները եկել էին՝ դիմավորելու վարչապետին։ Եթե սկզբում հույս կար, որ Փաշինյանը կարող էր թարմություն բերել ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կառույցներին՝ իր ժողովրդավարական վարքագծով, հիմա մենք ականատեսն ենք լինում հակառակին, երբ Հայաստանի ղեկավարն է աստիճանաբար ընդօրինակում այդ ղեկավարներին, առայժմ միայն, իհարկե, պրոտոկոլի մակարդակով։ Մտավախություն չկա՞, որ կուսակցությունում աստիճանաբար Ձեր ղեկավարի նկատմամբ կարող է ձևավորվել պաշտամունքի որոշ տարրեր, որը մի օր կարող է մեծ խնդիր դառնալ ողջ երկրի համար։

Հրաչյա Հակոբյան․ - Ո՛չ, այդպիսի մտավախություն չունենք, իսկ ինչ վերաբերում է դիմավորելուն կամ ճանապարհելուն, ինքներդ նշեցիք, որ դա արարողակարգային նորմ է, և թերևս նախկինում ուղղակի այդպիսի լուսանկարներ չեն հայտնվել։ Ես հիմա հստակ չեմ կարող ասել՝ նախկինում վարչապետին Անվտանգության խորհրդի անդամները ճանապարհել են և դիմավորել են, թե՝ ոչ, բայց կարծում եմ միգուցե ճանապարհել են կամ դիմավորել են, պարզապես նման լուսանկար չի հրապարակվել, դա արարողակարգային հարց է, որովհետև րոպե առաջ, երբ վարչապետը ժամանում է Հայաստան, նրան պետք է հենց օդանավակայանում արդեն զեկուցեն երկրում տեղի ունեցող իրավիճակը, և ճանապարհելիս նույնպես՝ վերջին վայրկյանին վարչապետը պետք է հանձնարարականներ տա իր ենթականերին։ Պայմանավորված է դրանով, ուղղակի նախկինում այդ լուսանկարները չեն եղել, միգուցե դա է պատճառը, որ հիմա այսպիսի մեծ աղմուկ բարձրացավ այդ լուսանկարի հետ կապված։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG