Բուլղարիայում վերստին քաղաքական ճգնաժամ է, քանի որ հուլիսի 11-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած կուսակցությունները չեն կարողանում համաձայնեցնել կառավարություն կազմելու հարցը:
Դրա հետևանքով Բուլղարիայում կարող են տեղի ունենալ այս տարում թվով արդեն երրորդ արտահերթ ընտրությունները:
Նախագահ Ռումեն Ռադևը խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԳԵՐԲ կուսակցության ներկայացուցիչ Դանիել Միտովին պաշտոնապես փոխանցել է կառավարություն կազմելու մանդատը, որը վարչապետի թեկնածուն տեղում անմիջապես վերադարձրել է:
Միտովն այդ քայլին է դիմել, քանի որ կուսակցությունը խորհրդարանում չունի կառավարության կազմը հաստատելու համար պահանջվող թվով ձայներ:
Խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունի «Կա այսպիսի կուսակցություն» անվամբ քաղաքական ուժը, որը սակայն նույնպես չունի կառավարություն կազմելու համար բավարար թվով քվեներ:
Փորձագետները նշում են, որ Եվրոպական միության ամենաաղքատ երկիրը համարվող Բուլղարիայում քաղաքական ճգնաժամն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը, հատկապես հաշվի առնելով, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի վարակի չորրորդ ալիքը: