Մատչելիության հղումներ

Մեկ օրում երկու երկրաշարժ Բավրա գյուղից հյուսիս-արևելք. ըստ սեյսմաբանի՝ անհանգստանալու կարիք չկա


Այսօր 6 ժամվա տարբերությամբ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15-16 կմ հյուսիս-արևելք երկու երկրաշարժ է գրանցվել՝ գիշերը 4-5 բալ, իսկ լուսադեմին 6 բալ ուժգնությամբ: Երկրաշարժերը զգացվել են նաև Գյումրիում, շատերը հենց ցնցումներից են արթնացել, եղել են նաև հետցնցումներ։

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժանմունքի տնօրենի խորհրդական սեյսմաբան Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ օջախային այդ գոտին բավականին ակտիվ է գրանցված երկրաշարժերի քանակով, բայց ոչ ուժգնությամբ:

«Մենք գիտենք մոտավորապես այն տարածքների սեյսմիկ առանձնահատկությունները, որոնք վերաբերում են Ջավախքի սեյսմակտիվ գոտուն: Ջավախքի սեյսմակտիվ գոտին Կովկասում ամենաակտիվն է՝ երկրաշարժերի քանակով, ոչ թե ուժգնությամբ, ուժով, այլ երկրաշարժերի քանակով: Թույլ ցնցումները շատ-շատ են, եթե նայեք էպիկենտրոնների քարտեզին Կովկասի, անմիջապես երևում է, որ Ջավախքի լեռնաշղթան առանձնահատուկ մասնագիտական բացատրություն ունի: Վերջին երկու ամսվա ընթացքում այստեղ ավելի հաճախակի են դարձել միջին ուժի երկրաշարժերը՝ 3.5, 4-ին մոտ, մի քանի հատ երկրաշարժ այդտեղ եղել է, բայց նորից եմ կրկնում՝ այդ Ջավախքի լեռնաշղթայի երկրաբանական կառուցվածքին բնորոշ առանձնահատկություն է սեյսմիկ տեսակետից, այնպես որ համոզված ենք, որ այդպես էլ կավարտվի: Մեծ վտանգ սպառնացող երկրաշարժի հավանականությունը աննշան է», - ասաց Նազարեթյանը

Անհանգստանալու կարիք չկա, շարունակում է Նազարեթյանը, քանի որ անոմալիաներ չեն արձանագրվել. «Չունենք անոմալիաներ, նախանշաններ ուժեղ երկրաշարժի»:

6 բալից ավելի երկրաշարժերի դեպքում են ավերածություններ գրանցվում, նշում է սեյսմաբանը: Վտանգը հատկապես Գյումրիում գտնվող 88 վթարային շենքերի համար է, որոնց զգալի մասը բնակեցված է:

Ըստ Սերգեյ Նազարեթյանի՝ թույլ ցնցումները չեն ազդում վթարային շենքերի վրա. «Դրանք չեն ազդում, 88 վթարային շենքեր ունենք, որոնց մի մասի վիճակը 3-րդ, 4-րդ աստիճանի է, բայց դրանք էլ բավականին դիմացկուն են: Իհարկե, չի նշանակում, որ այդ շենքերին պիտի ուշադրություն չդարձնել, հատուկ պետական ծրագիր պիտի լինի, որ այդ շենքերը ամրացնեն, առավել ևս, որ սեյսմակայուն շինարարության նորմերով 3-րդ աստիճանի վթարայնության շենքը ենթակա է ամրացման»:

Մասնագետը նշում է, որ Սեյսմիկ ծառայությունը շինարարության ոլորտի վրա որևէ վերահսկողական ֆունկցիա չունի և չեն կարող ասել՝ նորակառույցները սեյսմիկ անվտանգության պահանջներին համապատասխան են, թե ոչ: Սերգեյ Նազարեթյանն ասում, որ 88-ի երկրաշարժից հետո, երբ գրեթե ամեն ինչ նորից կառուցվեց, սեյսմիկ անվտանգության առում Հայաստանի հյուսիսն ավելի ապահով է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG