Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, վերջին մի քանի ժամերին «Թալիբան» շարժման զինյալները նոր հաջողություններ են արձանագրել մարտի դաշտում՝ գրավելով երկրի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքները՝ հարավում գտնվող Քանդահարը և Իրանի սահմանից ոչ հեռու գտնվող Հերատը։
Կենտրոնական կառավարության ներկայացուցիչներից մեկը Reuters-ի թղթակցին այսօր փոխանցել է, որ անցած գիշեր տեղի ունեցած կատաղի մարտերից հետո «Թալիբանը» վերահսկողություն է հաստատել Քանդահարի նկատմամբ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսագրություններ էին հայտնվել, որոնցում պատկերված էին քաղաքը խուճապահար լքող կառավարական բանակի ստորաբաժանումները։