Վորոնեժում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել քաղաքային ավտոբուսում: Վերջին տվյալների համաձայն՝ 35 ուղևորներից 19-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում, ևս երեքի վիճակը ծանր է:
Ավտոբուսի բեկորների վրա մնացած պայթուցիկ նյութն ուսումնասիրվում է:
Փոխադրող ընկերության ներկայացուցիչը РИА "Новости"-ին ասել է, որ ընկերության բոլոր մեքենաներն աշխատում են դիզելային վառելիքով: Իսկ ավտոբուսը պայթել է կանգառում, երբ ուղևորները մտնում էին մեքենա, և նախնական տեղեկությունները, թե պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսում տեղադրված գազի բալոնի պատճառով, ըստ ընկերության ներկայացուցչի՝ չի համապատասխանում իրականությանը:
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ այսօրվանից հասարակական տրանսպորտի վարորդները կխնդրեն ուղևորներին ուշադրություն դարձնել ցանկացած անծանոթ առարկայի վրա:
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը դեպքի վայր է ուղարկել քննիչների և քրեագետների, քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոններին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու հատկանիշներով: