Տարբեր բարեգործական նախաձեռնություններով գրեթե մեկ տարի առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան տեղափոխված Ռիմա Մակարյանը ամառը Հարթագյուղի ճամբարականների հետ է անցկացնում։
Միասին փորձում են ավելի գունագեղ դարձնել իրենց գյուղը, բնության գույներով նկարազարդել գյուղի քարե տները։ Գործը սկսել են «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի երեխաների համար ճամբար դարձած տնից։ Նրանք գյուղի դաշտերում երբևէ տեսած ծաղիկներն են նկարում պատերին։
Ռիման ասում է՝ Հայաստանի երեխաների հետ լինելու մտադրությունն իր մոտ ծագեց 44-օրյա պատերազմից հետո։ Այստեղ իր կարիքն ավելի մեծ է, քան Կալիֆորնիայում, որտեղ անցել է ողջ մանկությունը։ Երիտասարդ աղջկա խոսքով՝ այստեղ անելիքը շատ է։
«Կռվից հետո ես որոշել եմ, որ էն ծրագրերը, որ Ամերիկայում անում եմ, բերեմ Հայաստան։ Էնտեղ էս նույն ձևով նկարներ ենք անում պատերի վրա։ Կռվից հետո զգացի, որ էդ ամեն ինչն էստեղ շատ ավելի հարկավոր է, քան՝ Կալիֆորնիայում։ Այնտեղ էլ խնդիրներ կան, բայց այստեղ, ինձ թվում է, էրեխեքին շատ ավելի շատ է ուրախացնում։ Դրա համար էս ամառ որոշեցի գամ։ Հիմա էրեխեքի համար հետաքրքիրն էն է, որ էս բոլոր ծաղիկները, որ կան իրենց շուրջ, արդեն գոյություն ունեն։ Իրենց ուղարկել եմ դաշտերը, ամեն մեկը մի ծաղիկ է բերել ու էս նույն ծաղիկները մենք էստեղ նկարել ենք։ Այսինքն՝ իրենք տեսնում են, թե իրենց գյուղում ինչ յուրահատկություններ կան, ինչ գեղեցկություն կա, որ իրանք կարող է դրանից առաջ նկատած չլինեին։ Իրենք նենց զարմացած են էդ գույներից, ոնց որ առաջին անգամ էդ ծաղիկը տեսած լինեն ու հետո իրենք ունենում են ներդրում հենց իրենց քաղաքի մեջ, իրենց գյուղի մեջ, որ անցնեն էս շենքի մոտով իրենք կհիշեն, որ այս ծաղիկը ես եմ նկարել ու էդպես ուժեղ կապ են ստեղծում իրենց քաղաքի, գյուղի հետ», - ասաց Ռիման։
1988-ի երկրաշարժից հետո Հարթագյուղը մանկապարտեզ չի ունեցել։ Մանկապարտեզի շենքը դպրոց են դարձրել, ուր մինչև այսօր գործում է։ Գյուղում ասում են, որ բարեգործական ճամբարի գաղափարը փրկություն էր գյուղի երեխաների համար։ Զբաղմունք ունեն։ Համայնքապետի պաշտոնակատար Հարություն Սարգսյանն «Ազատության»-ն ասաց՝ ավելի քան 30 տարի գյուղում նախակրթարան չլինելը ծանր հետևանքներ է թողնում երեխաների վրա։
«Երեխաները նախակրթարան կամ մանկապարտեզ չլինելու պատճառով նույնիսկ գույները չեն տարբերում, թվաբանություն, գույներ չեն տարբերում։ Առաջին դասարան գնալուց հետո շատ դժվար է լինում իրանց համար», - ասաց Սարգսյանը։
Այժմ համայնքապետարանը պայմանավորվածություններ է ձեռքբերել բարեգործական կազմակերպությունների հետ գոնե մինչև տարեվերջ համայնքապետարանի շենքի մի սենյակը նախակրթարան դարձնելու ուղղությամբ։
«Հիմա հստակ աշխատում ենք էդ ուղղությամբ, որ հստակ տվյալներ լինեն, որ մինչև տարեվերջ գոնե սկիզբը լինի», - ասաց համայնքապետի պաշտոնակատրը։