Մատչելիության հղումներ

Բարձր ջերմային ֆոնի պատճառով Հայաստանում այժմ հրդեհների ռիսկը բարձր է


Վերջին ամիսներին հրշեջները գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ են աշխատում, ասում է Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը։

«Ամիսներ շարունակ բարձր ջերմաստիճան է։ Եթե վերցնենք, օրինակի համար, հունիս ամիսը, որ ամենաաննախադեպ՝ 45 աստիճան և ավել ջերմաստիճան էր էդ ընթացքում, 2020 թվականին ունեցել ենք 390 դեպք, 2021 թվականի նույն ամսվա ընթացքում ունեցել ենք 690 հրդեհի դեպքեր։ Մոտավորապես 80 տոկոս հրդեհի դեպքերի աճ ունենք»։

Խոտածածկ, անտառածածկ տարածքներում հրդեհների մասին լուրերը շատ հաճախ են հայտնվում Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական լրահոսում։ Օգոստոսի 9-10-ը, օրինակ, ավելի քան 100 հեկտար ընդհանուր տարածքով հրդեհ է մարվել Հայաստանում։ Երեկ երեկոյան հրդեհ էր բռնկվել Կոտայքի մարզի «Ջրվեժ» անտառպարկում, այրվել է 3,5 հեկտար տարածք, հրշեջներին հաջողվել է ժամանակին մեկուսացնել կրակի տարածումը։ Երևան-Սևան ավտոմայրուղու մի հատվածում էլ երեկ 80 հեկտար խոտածածկ տարածք է այրվել։

Վերջին շաբաթներին աշխարհի ուշադրության կենտրոնում տարբեր երկրներում տարածվող անտառային լայնամասշտաբ հրդեհներն են, որոնք նաև մարդկային կյանքեր են խլել, հայ փրկարարները պատրա՞ստ են այսպիսի բացասական զարգացումների։ Փրկարարական ծառայությունը պատրաստ է, վստահեցնում է Գարեգին Հակոբյանը. - «Լուրջ հրդեհներ երեկ էլ ենք ունեցել, նախորդ օրն էլ ենք ունեցել, լուրջ հրդեհներ միշտ կան։ Հայաստանի փրկարար ծառայությունը պատրաստ է ու միշտ լավ է դրսևորել իրեն»։

Ինչ վերաբերում է փրկարարների տեխնիկական զինվածությանը, փոխգնդապետ Հակոբյանի փոխանցմամբ, կազմը պարբերաբար թարմացվում է . - «Անձնակազմը տիրապետում է տեխնիկային։ Էդ թարմացման արդյունքում բերում են նորություններ, նորարարությունը միշտ կա, սարքին են, աշխատում են։ Հուսով ենք, ամեն ինչ բարեհաջող կանցնի»։

Այն դեպքերում, երբ հրդեհները մեծ ծավալների են հասնում, Երևանում, օրինակ, կիրառվում են քաղաքային ջրատարները։ Հակոբյանն ընդգծում է, որ անտառածածկ տարածքների հրդեհներում մեծամասամբ դեր է խաղում մարդկային գործոնը ու քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել . - «90 տոկոսը մարդկային գործոնն է։ Դրա համար առիթը միշտ պետք ա օգտագործել, որպեսզի հակահրդեհային քարոզչությունը ճիշտ ուղղվածություն ունենա, փոքրից մինչև մեծ մարդիկ հասկանան, գիտակից մոտենան ամեն ինչին, մանավանդ էս հնդեհավտանգ իրավիճակներում ճիշտ պահվածք ցուցաբերեն»։

Վերջին տարիներին Հայաստանում բռնկված ամենախոշոր հրդեհներից մեկը Խոսրովի արգելոցում էր, որը մարվեց ռուսական ինքնաթիռի օգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG