Մատչելիության հղումներ

Եղեգնուտը երեք գյուղապետ ունի՝ երկուսը՝ գործող, մեկը՝ հեռացած


Ռազմիկ Մկրտչյանը (ձախից) և Ռազմիկ Մարգարյանը
Ռազմիկ Մկրտչյանը (ձախից) և Ռազմիկ Մարգարյանը

Քանի՞ գյուղապետ ունի Եղեգնուտը. սկզբում՝ մեկ, հետո՝ երկու, հետո՝ երեք, ընդ որում բոլորը գործում էին միաժամանակ:

Գյուղում հիմա երկու դրոշակ է ծածանվում՝ մեկը՝ գյուղապետարանի մայր շենքի վրա, մյուսը՝ դեղատան, որ հիմա այլընտրանքային գյուղապետարանն է. այդտեղ նախկին ցուցափեղկի դիմաց նստած է Եղեգնուտը 1985 թվականից մինչև հեղափոխական 2018-ը ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը:

«Խորհրդային ժամանակվա ծնունդ եմ, խորհրդային ժամանակվա դասեր ու դաստիարակությամբ աշխատել եմ ու մինչև էսօր էլ ես նույն որակի, նույն տեսակի, նույն բնավորությամբ, նույն հատկանիշներով աշխատում եմ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարգարյանը: Նա դրական պատասխանեց հարցին՝ «գյուղապետը Դո՞ւք եք հիմա». - «Այո, ապացույց ե՞ք ուզում»:

Իսկ Եղեգնուտի իսկական գյուղապետարանի շենքի բանալին Ռազմիկ Մկրտչյանի ձեռքում է: Ասում է՝ «եթե գյուղապետը ես էլ չեմ, ապա չգիտեմ, թե ով է և ում տամ շենքի բանալին»:

«Պիտի շենքը հանձնե՞ք», - «Ազատության» այս հարցին նա արձագանքեց. - «Իհարկե չէ»: Հարցին էլ, թե ո՞վ է գյուղապետը, պատասխանեց. - «Հեսա ներս մտնենք, բացատրեմ՝ կիմանաք ով ա: Եթե Ձեզ հասկանալի կլինի, ես էլ կտամ գյուղապետին»:

Եղեգնուտի գյուղապետերի պատմությունը խճճված ու բարդ մի թնջուկ է՝ մի շարք ատյանների մասնակցությամբ՝ դատարաններ, Արմավիրի մարզպետարան, Տարածքային կառավարման նախարարություն, Արդարադատության նախարարություն:

2018-ին եղեգնուտցիները գյուղի 34 տարվա գյուղապետի՝ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականն էին պահանջում: Նա փորձեց թեթևակի հեռանալ, բայց ավագանին համաձայն չէր:

«Ուրեմն, ես հրաժարական չեմ տվել, հարգելի ժողովուրդ, իմացեք: Էտի մեկ: Երկրորդը՝ ուրեմն, ժողովուրդ չեն էղել, էղել են իր բարեկամները», - հայտարարեց Մարգարյանը:

Այս ամենին զուգահեռ, Արմավիրի մարզպետը մեկ այլ Ռազմիկի՝ Մկրտչյանին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց: Հետո պարզվեց՝ Մարգարյանը դատարանում հաղթել է, վերադառնում է:

Այս հիմքով՝ մարզպետը Մկրտչյանի նշանակումն անվավեր ճանաչեց, բայց Մկրտչյանն էլ դատարան դիմեց, և այս մի վճռով էլ դատարանն անվավեր ճանաչեց Մկրտչյանին ազատելու մարզպետի որոշումը:

Ստացվեց երկու համայնքապետ, բայց հետո երրորդը եկավ: Ինչպե՞ս՝ ավագանու կազմում էլ երկիշխանություն էր, Մկրտչյանի համախոհ ավագանու անդամները 4-ով Մարգարյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրին՝ ավագանու նիստեր չհրավիրելու պատճառով:

«Վերջ, էլ ո՞նց աշխատենք: Եվ արդարադատության նախարարը, հստակ գրած ա՝ մեր որոշումը կասեցման ենթակա չի: Ուրիշ: Դրանից պարզ ուրիշ բան կա՞: Չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղեգնուտի ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանը:

Այս ժամանակ Տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարանին հորդորեց մինչև նոր ընտրություններ լինեն՝ պաշտոնակատար նշանակել. Ազատ Գրիգորյան, նա Եղեգնուտից չէր:

«Երկու անգամ էկել ա, ուղղակի մենք ասել ենք իրան՝ «ախպեր, քայլ արա, խնդրեմ»: Բա պիտի գա ինքը պեչատ ընդունում-հանձնում անի, վերջը ինքը նշանակված ա պաշտոնական», - պատմեց Ռազմիկ Մկրտչյանը:

Այդ մարդը համայնքի տեղական ինքնակառավարման քաոսը տեսնելով քայլ է արել ու հետ գնացել: Հիմա Ռազմիկ Մկրտչյանն է գյուղապետարանի շենքում՝ առանց բյուջեի ու կնիքի, որովհետև Ռազմիկ Մարգարյանը հին կնիքը չստանալով նորն է ստեղծել: Դեղատնից գյուղապետարան տեղափոխվել ուզում է, բայց՝ ոչ ուժով:

«Ո՞ր օրենքով ես դու դուռը բացել, մտել ներս, ո՞ր օրենքով: Ըտեղ սերվեր կա դրած, [...] ըտեղ էդ սերվերի մեջ կա գումար: Եթե ես ուզենամ, կվերցնեմ, բայց ես ուզում եմ օրենքով վերցնեմ, էդքան բան», - ասաց Ռազմիկ Մարգարյանը:

Մարգարյանն ունի նաև աշխատակազմ, բյուջեն էլ այստեղ է: Մկրտչյանը պնդում է՝ մարդիկ նրան չեն վստահում, հարկեր, տուրքեր չեն վճարում, բայց Մարգարյանն ասում է՝ ոչ մի նման բան. - «Բացարձակ գումարի նեղություն չունեմ: Եթե պետությանը պետք ա օգնելու, կօգնենք, անգամ պետությանը եթե պետք ա, կօգնենք»: Հարցին՝ հարկերը հավաքվո՞ւմ են, նա հակադարձեց. - «Եթե հարկ չհավաքեմ, փող ո՞րտեղից»:

Արտառոց վիճակ է նաև ավագանու հարցում, երկուսն էլ ունեն ավագանիներ, երեկ Մկրտչյանի ավագանու կազմն է նիստ հրավիրել, խմելու ջրի սակագինը փոխել: «100 դրամը սարքել ենք 70 դրամ», - ասաց ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանը:

«Յա, բա էդ խի՞ էին թանկ դրել, որ հիմի էլ իջեցրել են, բայց խի՞ էին թանկ դրել. փողերն իրանք չէին հավաքում, հա՞», - հայտարարեց Ռազմիկ Մարգարյանը: «Ես էլ ավագանի ունեմ», - հակադարձում է Մարգարյանը։

Ավագանու կազմում ոչ միայն կողմերի համախոհներն են, այլ նաև՝ ազգականները: «Որոնք որ հարել են իմ թևը, այսինքն՝ իմ կողմնակիցներն են էղել», - ասաց Ռազմիկ Մարգարյանը, դիտարկմանը՝ «նաև Ձեր որդին, եղբայրը, չէ՞», արձագանքելով. - «Նույն հաջողությամբ նաև իր եղբայրը, իր որդին, իր քեռու տղան, իր հորեղբոր տղան, ի՞նչ ա էղել»:

Երեք տարի է՝ Եղեգնուտը չի խաղաղվում: Ռազմիկ Մկրտչյանն ասում է՝ պատրաստ է հեռանալ, բայց նախկինը թող չգա, որովհետև, ասում է, 2018-ին մարդիկ նրան փորձեցին վռնդել, քանի որ տասնամյակներով թալանել էր համայնքը: Խնդրել է մարզպետին՝ հնին չվերադառնալ, չցնցել Եղեգնուտը. - «Չլսեց, արվավ էդ քայլը, և գյուղը ցնցվավ նորից, նորից այ սենց վիճակ առաջացավ»:

Մարգարյանն էլ հաճույքով է շեշտում, որ ինքն ամենաստուգված գյուղապետն է՝ հաստափոր թղթապանակներ կան, թե ինչքան են իրեն ստուգել՝ ու ոչ մի քրեական գործ:

Հոկտեմբերին Արմավիրում ընտրություններ են, Եղեգնուտի գյուղապետերից ոչ մեկն առայժմ չի ասում՝ առաջադրվելո՞ւ է, թե՞՝ ոչ: Նրանք փորձ ունեն ոչ միայն համատեղ պաշտոնավարման, այլև՝ ընտրություններին համատեղ մասնակցելու:

«Թող ընտրվեր, 10 անգամ հետս դրել ա, թող ընտրվեր, ես պտի ընտրե՞ի իրան», - հայտարարեց Ռազմիկ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG