Մատչելիության հղումներ

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Նորընտիր պատգամավոր, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կմնա կալանքի տակ։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով մոտ մեկ ամիս առաջ կալանավորված Սարգսյանի պաշտպանների բողոքը։

«Դատարանը, ինչպես ակնկալվում էր, վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց պաշտպանների բողոքը: Մենք արդեն դա հասկացել էինք, երբ ի սկզբանե նա անձամբ այս գործի քննությունը մակագրել էր իրեն: Այդ մտահոգությունների մասին մենք խոսել էինք, ինքնաբացարկի միջնորդություն էինք ներկայացրել նրան, չնայած, որ համոզված էինք, որ դա էլ էր մերժվելու, ուղղակի պետք էր ֆիքսել այս կատարված ապօրինությունները, որպեսզի հետագայում, մյուս փուլերում դրանց ևս անդրադառնանք», - ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ 43-ամյա Սարգսյանը Սյունիքի մյուս խոշոր բնակավայրերի ղեկավարների նման իշխանությանը քննադատում էր պատերազմում պարտության համար, թե՛ Սիսիանի, և թե՛ մյուս բնակավայրերի ղեկավարները տարբեր քրեական գործերով այժմ կալանավորված են։

Արթուր Սարգսյանը կալանավորվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ մինչև պատգամավորի մանդատ ստանալը։ Քննչական կոմիտեն պարզել է, որ քաղաքապետը 2016-ին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի գործով նախաձեռնել է, որ շինարարական աշխատանքների մրցույթը շահի ոչ թե ավելի էժան գին առաջարկած, այլ՝ Սարգսյանների ընտանիքի մերձավորին պատկանող ընկերությունը։ Իրավապահները հաշվել են, որ սրանով համայնքին պատճառվել է ավելի քան 3 միլիոն դրամի վնաս։

Չնայած սրան, Սիսիանը 5 տարի ղեկավարած Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը պնդում է՝ քաղաքապետի դեմ որևէ ապացույց չկա, բայց առաջին ատյանի դատարանը հաստատել է, որ կասկածները հիմնավոր են, որ նա կատարել է այդ հանցագործությունը։ Թե՛ երեկ, թե՛ այսօր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգսյանը դատարան չէր եկել՝ չվստահելով արդարադատությանը։

«Մի հատ նպատակ կա՝ Արթուր Սարգսյանին պահել անազատության մեջ, ուրիշ ոչինչ: Այդ «ինչո՞ւ»-ի պատասխանը բոլորս գիտենք, այդ արշավները Սյունիքի համայնքապետերի նկատմամբ, նրա համար, որ երևի ժողովրդին ահազանգ էր տալիս պարոն Սարգսյանը, որ թշնամին արդեն հասել է Սիսիանի մատույցներին: Չգիտեմ, շատ պատճառներ կան, որոնց վերաբերյալ հետագայում, երբ որ պարոն Սարգսյանը ազատության մեջ հայտնվի համապարփակ ինֆորմացիա կտրամադրվի», - ասաց փաստաբանը:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կալանավորված երկու պատգամավորների փաստաբանները շարունակում են պնդել՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուն պես նրանց պետք է անհապաղ ազատ արձակեին։ Նույն հոդվածներով մեղադրվում է նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

«Պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո իմ համար երկրորդ կարծիք չկա, պետք է նոր անձեռնմխելիության չափանիշներով Ազգային ժողովում քննարկվեր նաև այդ հարցը, ամեն դեպքում մենք դատախազությանը դիմել էինք, այդ մասով միջնորդություն էինք ներկայացրել, պատասխան ենք ստացել, որին միանշանակ վերաբերմունք չունենք: Մենք ինձ թվում է մոտ օրերս դա կբողոքարկենք դատարան, դեռ ժամկետ ունենք, հիմա քննարկում ենք, պատրաստում ենք այդ բողոքը», - նշեց Էմին Խաչատրյանը:

Գլխավոր դատախազությունն արդեն անդրադարձել է նորընտիր պատգամավորների անձեռնմխելիության հարցին։ Ըստ իրավապահների, երկուսի դեպքում էլ մեղադրանքն առաջադրվել է մինչև պատգամավոր դառնալը, երբ նրանք պատգամավորի թեկնածու էին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն զրկել է նրանց՝ թեկնածուի անձեռնմխելիությունից և որ երկրորդ անգամ նման անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ փաստաբանները շարունակում են պնդել՝ կարգավիճակ ստանալուց հետո անձեռնմխելիությունից զրկելու հարցը պետք է քննվի խորհրդարանում։

XS
SM
MD
LG