«Մենք ոչինչ չենք խնայելու, որպեսզի մեր տարածաշրջանում բերենք խաղաղություն, և մեր ժողովուրդը, մեր երկիրը կարողանա զարգանալ այդ պայմաններում», - հայտարարում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա համոզված է՝ որ նոր ձևավորվող կառավարությունն ամեն ինչ անելու է, որ խաղաղություն բերի։ Կառավարության օրակարգում առաջնայինը, նրա վստահեցմամբ, անվտանգության հարցն է։
Իշխանական պատգամավորի խոսքերին ընդդիմադիրները չեն հավատում։
Փաշինյանի կառավարությունը պատերազմի ու պարտության խարանով է, հակադարձում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը. - «Էդ նիստը սկսում է մի մարդ, որ ստորագրել է կապիտուլյացիոն բնույթի հայտարարությունը, կառավարության դեմքը չի փոխվելու։ Էդ կառավարության վրա կա կապիտուլյացիա ստորագրած կառավարության խարան»։
Նոր կառավարությունում ոչինչ չի փոխվել, նույն դեմքերն են, որ չեն կարողացել պետության ու քաղաքացու նվազագույն անվտանգությունն ապահովել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նոր կառավարությունից ակնկալիք չունի. - «Էս կառավարությունը անգործունակ, էս կառավարությունը նույնիսկ նվազագույն անվտանգությունը չերաշխավորող... Որովհետև մեծ հաշվով ոչինչ չի փոխվում կառավարության մեջ։ Եթե կառավարության ղեկավարը, նրա առանցքային դերակատարություն ունեցող անձինք եղել են նաև նախկին կառավարության մեջ, մենակ կոստյում-շալվարը փոխելով, կամ պաշտոնի անունը փոխելով չէ, որ բովանդակություն է հաղորդվում»։
Վերընտրված իշխանության անցած ճանապարհը, հայտարարություններն ու գործողությունները ցույց են տալիս, որ ի վիճակի չեն որևէ քայլի, որը Հայաստանի օգտին կլինի, կարծում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Իրենք խոսում են խաղաղության մասին, երկարատև անվտանգության մասին, բերում են երկիր պատերազմ, բերում են սպառնալիք, բերում են տնավեր քաղաքացիների... Կառավարությունն ի վիճակի չի լինի ոչ մի լուրջ քայլ իրականացնել»։
Կառավարության դեմքը չի փոխվել, քանի որ այդպես է ցանկացել ընտրողների մեծամասնությունը, շեշտում է Առողջապահության նախկին նախարար Թորոսյանը. - «Ոչ մի կառավարություն [խաղաղության] որևէ երաշխիք չի կարող տալ, կարող է անել լավագույնս, որ դա լինի։ Եվ եթե առնվազն քո նպատակադրումը դա է, դու անելու ես ամեն ինչ, որպեսզի դրան հասնես։ Մեր ընդդիմախոսները արդյո՞ք կարող էին հիմա տալ երաշխիքներ, որ եթե իրենք ընտրվեին, կլիներ խաղաղություն, կամ նոր պատերազմ չէր լինի։ Իհարկե չեն կարող տալ երաշխիքներ, և ես չէի էլ ակնկալի նրանցից էդ երաշխիքը»։
Հայկ Մամիջանյանը կասկած չունի, որ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրողները շուտով իրենց գրպանի վրա կզգան ընտրության սոցիալական հետևանքը և ոչ միայն սոցիալական։ Նա հիշեցնում է, որ երրորդ ամիսն է, ինչ հակառակորդի զորքը Գեղարքունիքից Սյունիք Հայաստանի տարածքում է. - «Ամենաարհավիրքը և ահավոր փաստերից մեկը այն է, որ մեր համար կիսասովորական է դարձել բացել առավոտյան հեռախոսը ու կարդալ զոհի, գերեվարված համաքաղաքացու մասին նորություն։ Ուզում եմ հիշեցնել, որ ոչ մեկ նորից չի ասում, որ մինչև հիմա թշնամին մեր տարածքում է»։
Փաշինյանի թիմակիցը վստահ է՝ գործադիրի նոր կազմով հնարավոր է կատարել անվտանգության ու խաղաղության խոստումները։ Կհամոզվեն, երբ կառավարության ծրագիրը խորհրդարան գա. - «Մենք Ազգային ժողովում պետք է նաև լսենք կառավարության ծրագրի վերաբերյալ զեկույց և այն հաստատենք, որտեղ ավելի մանրամասն, առարկայական քննարկում կգնա, թե ինչպես պետք է էդ անվտանգ և խաղաղ ապագային հասնենք։ Եվ ես գրեթե վստահ եմ, որ ընտրված կադրերը լավագույնս կարողանալու են դա ապահովել»։
Այդ ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը երկարատեւ անվտանգություն խոստանում, երբ երեք ամիս է Հայաստանի տարածքից չի կարողանում հակառակորդի զորքը դուրս բերել, հարցնում է Մինասյանն ու հիշեցնում՝ ադրբեջանական զորքը Հայաստանի պետական տարածքում կիլոմետրերով առաջ է եկել Փաշինյանի ստորագրած խաղաղության հայտարարություւնից վեց ամիս անց. - «Իրենք խոսում են խաղաղության մասին, երկարատև անվտանգության մասին, բերում են իմ երկիր պատերազմ, բերում են սպառնալիք, բերում են տնավեր քաղաքացիների, բերում են խեղված ճակատագրերով մարդկանց... իրավիճակի առաջ են կանգնեցնում ... Կառավարությունն ի վիճակի չի լինի ոչ մի լուրջ քայլ իրականացնել»։
Նոր կառավարությունը հնից ոչնչով չի տարբերվելու, Մամիջանյանը կադրերով է փորձում հիմնավորել։ Ինչպե՞ս կարող է անվտանգություն բերել, օրինակ, Արշակ Կարապետյանը, որը, Մամիջանյանի կարծիքով, Պաշտպանության նախարարի պաշտոնը վաստակել է բոլորովին այլ ծառայության դիմաց. - «Երբ որ դուք պատկերացնում եք անվտանգություն, դուք պատկերացնում եք մի պաշտոնյայի, որը ապրիլյան պատերազմից հետո թերացումների պատճառով հեռացվել էր աշխատանքից, իսկ հետագայում, էս խունտոյին իշխանության գալուց հետո ցուցմունքի դիմաց Ռոբերտ Քոչարյանի դեմ կեղծ ցուցմունք տալու դիմաց նշանակվել էր վարչապետի խորհրդական։ Էդ մարդը ձեզ անվտանգություն բերո՞ւմ ա, թե ոչ»։
Վարչապետ Փաշինյանը կառավարության ծրագիրը Ազգային ժողովի դատին կհանձնի գործադիրի ամբողջական ձեւավորոմից հետո, 15 օրվա ընթացքում։