Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:
Ընդգծելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության ամենամեծ, խոշոր օղակներից է՝ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կառուցվածքում 2019-ին իրականացված բարեփոխումներին։
«Մեր բարեփոխումների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն էր, որովհետև կարծում էինք, որ շատ նախարարություններում, գերատեսչություններում կա գործառութային անարդյունավետություն և բեռնվածություն: Մեր նպատակադրումը հետևյալն էր, որ նախարարությունների միավորման միջոցով հասնենք ավելի մեծ արդյունավետության՝ մարդկային ռեսուրսների, ֆինանսների կառավարման և այդպես շարունակ», - ասել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով՝ այդ որոշումները պահի տակ կայացված որոշումներ չեն։
«Իհարկե, ես չեմ ասում, որ այդ որոշումները կատարյալ են, և այդտեղ լավարկման ինչ-որ գործընթացներ չեն կարող տեղի ունենալ: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ պետք է առաջ գնանք և հետ գնալու ճանապարհ չկա: Այն, ինչի համար այդ գործընթացն սկսել ենք, պետք է ուղղակի իր լրումին հասցնել. մարդկային ռեսուրսի, ֆինանսական ռեսուրսի, գործառութային արդյունավետության բարձրացումն է մեր ճանապարհը, և պետք է շարունակենք գնալ այդ ճանապարհով»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Սուրեն Պապիկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս երեք տարիների ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշելով՝ «Ունենք լավ արդյունքներ, ունենք նաև որոշակի թերացումներ, որոնցից պիտի դասեր քաղենք»։
Նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկրի ամենակարևոր հենասյուներից է, «և գրեթե ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են այս նախարարության համակարգման ներքո»՝ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել ի պաշտոնե ամեն հարցում աջակից ու հենարան լինել: «Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, կշարունակենք նախարարության զարգացման այն միտումները, որ մեր առջև դրել ենք, որպեսզի կարողանանք երկրի ապագան օր առաջ ավելի լավը դարձնել», - նշել է նա:
Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ այս ծանր, բարդ շրջանում նման բարձր պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ ճանաչելով անձնակազմին ու աշխատանքի բերումով ոլորտին ծանոթ լինելով, արագ կանցնեն աշխատանքային պրոցեսի և իրենց առջև դրված խնդիրները համատեղ կլուծեն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց փոխվարչապետ, իսկ Քեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն, ազատվելով պաշտոնից, նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։