Մատչելիության հղումներ

«Կումայրի» արգելոցում ապօրինի կառուցապատման է ենթարկվում «Եռանկյունի» ֆիլմից հայտնի շենքը. Գյումրիի քաղաքապետարան


Գյումրիի պատմական կենտրոնում «Եռանկյունի» ֆիլմից հայտնի շենքը ապօրինի կառուցապատման է ենթարկվում, պնդում է Գյումրիի քաղաքապետարանը։

Գյումրիի Ռուսթավելի փողոցի վրա, «Կումայրի» արգելոցում գտնվող պատմական շենքի պատշգամբի հատվածում կառուցապատումն իրականացնում է Իտալիայի պատվո հյուպատոս, Գյումրիում գործարարությամբ զբաղվող Անտոնիո Մոնտալտոն։

Թե ինչ նպատակի է ծառայելու շենքը կառուցապատումից հետո, հայտնի չէ, բայց դրա անմիջապես դիմաց է գտնվում Մոնտալտոյին պատկանող հյուրատունը։ Հարևանությամբ գտնվող շենքն էլ, դատելով վրան գրված ցուցանակից, դառնալու է իտալական սրճարան:

Գյումրիի քաղաքապետարանը պնդում է, որ Կումայրի արգելոց թանգարանի հաշվեկշռում գտնվող շենքերը Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից կառուցապատվում են առանց թույլտվությունների:

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով, Մոնտալտոն ապօրինի շինարարության համար արդեն երկու անգամ տուգանվել է. - «Առանց համապատասխան թույլտվության սկսել է արդեն շինարարական գործողություններ իրականացնել։ Երբ մենք փորձեցինք կանխել նրա գործողությունները, միանգամից վարչական վարույթ հարուցեցինք և վարչական իրավախախտումների օրենքին համապատասխան գուգանվեց նա երկու հարյուր հազար դրամի չափով։ Դրանից հետո նորից շարունակեց շինարարական աշխատանքները՝ չնայած այն բանին, որ մենք զգուշացրել էինք վարույթի ժամանակ, որ պետք է կասեցնել և շենքը բերել իր նախկին տեսքին։ Շարունակելու համար մենք երկրորդ անգամ վարույթ հարուցեցինք և տուգանեցինք երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամի չափով։ Եվ իրավապահ մարմիններին մենք համապատասխան գրություններ ուղարկեցինք, որպեսզի կասեցվեր և կանխվեր էդ շինարարական աշխատանքները»։

Արգելոցի տարածքում գտնվող շենքերի կառուցապատման համար, բացի քաղաքապետարանից, պետք է թույլտվություն տա նաև Մշակույթի նախարարությունը, ինչից հետո միայն կարող է իրականացվել պատմական շինության վերականգնում:

Հենրիկ Գասպարյանն ասում է, որ իրենց Մշակույթի նախարարության հաստատած փաստաթուղթ չեն ներկայացրել. - «Եթե մեր քաղաքաշինական խորհրդի կողմից հավանության է արժանանում նախագիծը, դա անպայման պետք է համաձայնեցվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ։ Որից հետո նոր կարող է նախագիծը հաստատվել։ Նրա կողմից չի ներկայացվել նախագիծ, համապատասխան գործընթաց չի սկսել»։

Իտալիայի պատվո հյուպատոսի ներկայացուցիչ Լուսինե Ղազարյանը խոստացավ առաջիկայում ներկայացնել իրենց դիրքորոշումն ու համապատասխան փաստաթղթերը:

Ղազարյանը «Ազատությանը» բանավոր փոխացեց, որ իրենք Մշակույթի նախարարություից ստացել են նախագծի էսքիզային տարբերակի դրական եզրակացությունը դեռ ամիսներ առաջ: Ավելի վաղ քաղաքապետարանից ստացել են առաջադրանք, որով կազմվել է նախագիծը եվ ներկայացվել նախարարություն եզրակացության համար, որի համաձայն էլ կատարավում են անհրաժեշտ փոփոխությունները:

Ղազարյանը պնդում է, թե քաղաքապետարանը չի տրամադրում շինթույլտվություն՝ պատաճառաբանելով, որ իրենք ընթացակարգով բոլոր միջոցները կիրառել են՝ երկու անգամ վարչական տուգանքի ենթարկելով ու այդպիսով արհեստականորեն ստեղծելով փակ շղթա:

Մինչ այդ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ պետության պահպանության տակ գտնվող պատմական հուշարձանը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Ազատությանը» փոխանեցեց, որ նշանակվել է շինության փորձաքննություն և հիմա սպասում են եզրակացությանը:

Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, որ իրենք որպես տեղական ինքնակառավարման մարմին այս պահին որևէ այլ լծակ այլևս չունեն, ինչը օրենքի բացի հետևանք է. - «Տուգանքներ նշանակելուց և իրավապահ մարմիններին դիմելուց զատ, մենք այլ լծակներ չունենք, որպեսզի մենք օգտագործեինք այդ լծակները։ Եթե ապօրինի շինարարությունը լիներ համայնքային կամ պետական հողի վրա, մենք կունենայինք այդ լծակները, մենք որոշում կկայացնեինք և կքանդեինք դա։ Բայց բանն այն է, որ դա սեփականություն է, և ինչ-որ բան չի հերիքում տեղական մարմիններին, որպեսզի իրագործեն այդ լիազորությունները»։ Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի, Իտալիայի պատվո հյուպատոսի հետ նախկինում ևս կառուցապատման հարցերով վեճեր են եղել. - «Առաջին դեպքը չէ, ճանապարհների, մայթերի քանդելը... Ես մեկ-մեկ պատկերացնում են, թե եթե մենք հիմա գնային Իտալիա և, ասենք, Միլանի փողոցները քանդեինք կամ շենքերը մեր ուզածով ձևափոխեինք, մեզ ի՞նչ կանեինք նրանք»։

Ի դեպ, ըստ Գասպարյանի, համայնքապատկան շենքերից մեկը, որն անհատույց տրամադրվել էր Մոնտալտոյին, պատրաստվում են հետ վերցնել. - «Ժամանակին մենք տվեցինք, «Գյումրի» ռեստորանին կից մենք տարածք ունեինք, որպեսզի էնտեղ պետք է ինքը ճարտարապետության և գրաֆիկայի դպրոց հիմներ։ Բայց մի փոքր վերանորոգման կոսմետիկ աշխատանքներ կատարելուց հետո դադարեց դա։ Մենք արդեն ձեռնարկել են միջոցներ, որպեսզի այդ շինությունը ետ վերցնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG