Մատչելիության հղումներ

Այս աշխատավարձով կկարողանանք մասնավոր ոլորտից լավ մասնագետներ բերել. Երևանի ավագանու անդամ


«Իմ կարծիքով՝ այս աշխատավարձով կկարողանանք մասնավոր ոլորտից լավ մասնագետներ բերել», - «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսում անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը 30-140 տոկոսով բարձրացնելուն, հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով հարցին, թե նախկինում ինչպե՞ս էին աշխատում այդ աշխատավարձով, ինչպե՞ս սկսեց չհերիքել և այլն, Հովհաննիսյանը նշեց. «Այստեղ կա թյուրըմբռնում, այսինքն, աշխատավարձերը բարձրացել են, այո, բայց տեսեք գլխավոր իմաստը որն էր՝ համայնքային ծառայողները վարձատրվում էին երկու ֆոնդից, մեկը՝ աշխատավարձի ֆոնդ, և [մյուսը] պարգևավճարների կամ հավելավճարների ֆոնդ: Նախկինում համայնքային ծառայողները, քաղաքապետարանի աշխատակիցները ստանում էին և՛ աշխատավարձ, և՛ եռամսյակային պարգևատրումներ, որը հիմնականում մոտ մեկ աշխատավարձի չափ էր, բայց վերևի օղակները ավելի շատ էին վարձատրվում, և բոլորն էին ստանում: Մենք այս նախագծով 20 անգամ նվազեցրինք պարգևավճարների մնացող ֆոնդը՝ 2 միլիարդից սարքեցինք 1 միլիոն դրամ, մնացած գումարը տեղափոխեցինք աշխատավարձի ֆոնդ, որը մեզ թույլ տվեց բարձրացնել արդեն հիմնական աշխատավարձերի բաղադրիչը»:

«Նախկինում պարգևավճարով մոտավորապես այս գումարը ստացել են»

Անդրադառնալով դիտարկմանը, որ կա անհամաչափություն՝ բարձր օղակներում շատ բարձր աշխատավարձ և ցածր օղակներում՝ 30 տոկոսով բարձրացում, Հովհաննիսյանն ասաց. «Նախկինում Երևանի քաղաքապետը ստացել է հարկերը զտած 425 հազար դրամ, այս փոփոխությունից հետ քաղաքապետը ստանալու է 945 հազար դրամ մաքուր աշխատավարձ, առաջին տեղակալը նախկինում ստացել է 360 հազար դրամի կարգի գումար, հիմա կստանա 710 հազար, տեղակալները նախկինում ստացել են 345 հազար, հիմա կստանան 670 հազար, վարչության պետերը նախկինում ստացել են 270 հազար դրամ, հիմա կստանան 497 հազար դրամ: Ես ուզում եմ, որ էդ տարբերությունը հնչեցնենք: Ամենացածրերը՝ եկեք սովորական մեր միջինի օղակի մասնագետները, օրինակ՝ գլխավոր մասնագետը ստացել է նախկինում 195 հազար դրամ, հիմա կստանա շուրջ 240 հազար դրամ՝ այստեղ ինդեքսավորումը շուրջ 30 տոկոս է կազմում: Իհարկե, կարելի է ասել, որ քաղաքապետի, քաղաքապետի առաջին տեղակալների կամ մնացած տեղակալների մասով այստեղ աճը ոչ 30 տոկոս է կազմում, այլ մոտ 2-2.5 անգամ է կազմում, բայց պետք է նաև հասկանալ պատճառը՝ նախ, նախկինում իրենց պարգևավճարով մոտավորապես իրենք այս գումարը ստացել են»:

Իսկ թե ինչո՞ւ է այդպես ստացվում, ավագանում անդամը պարզաբանեց. «Համայնքային ծառայողների աշխատավարձերը բարձրացվել են 2011 թվականին, անցել է շուրջ 10 տարի: Կա Վիճակագրական կոմիտե Հայաստանում, կա նոմինալ աշխատավարձ, որը ասում է՝ 2011 թվականին բոլոր գրանցված աշխատակիցների միջին աշխատավարձը կազմել է 140 հազար դրամ, հիմա 2021 թվականին նույն Վիճակագրական կոմիտեն ասում է, որ միջին աշխատավարձը Հայաստանում 195 հազար դրամ է, հետևաբար՝ բոլորիս եկամուտները 38 տոկոսով ավելացել են: Իհարկե կա գնաճ, 30 տոկոս էլ, այսպես ասած, գնաճն է նվազեցնում եկամուտը, բայց բոլորինը աճել է: Էս պարագայում 2011 թվականին գրած էր՝ քաղաքապետը 425 հազար դրամ է ստանում, վերջ 10 տարին նույն դրույքով իր եկամուտը չի շատացել, դրա պատճառով համայնքը երկրորդ ֆոնդն է ստեղծել, և այդ պարգևատրումների ֆոնդով մոտավորապես 30 տոկոս է կազմում, ամեն անգամ հաջորդ ֆոնդից ինդեքսավորում էին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանան համայնքային ծառայողներին գոհացնել»:

«Այստեղ քաղաքական թիմը կամ Երևանի ավագանին չի բարձրացնում ինքը իր աշխատավարձը»

Հարցին էլ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քանի՞ ներկայացուցչի աշխատավարձ է բարձրացել, ավագանու անդամն արձագանքեց. - «Եթե բոլոր-բոլորին էդ 2 հազար մարդու մեջ մենք փնտրենք, օրինակ, քաղաքական թիմի ներկայացուցիչներ, իմ կուսակցության, երևի բոլորին գումարած մի 10 հոգի է գալիս, 15: Մենք ունենք երկու վարչական շրջանի ղեկավար, տվյալ պարագայում, միգուցե... օրինակ՝ հիմա ես կուսակցական եմ, ենթադրենք, նույնպես, բայց հիմա եթե էն տեղը, որտեղ ես աշխատում եմ, բոլորինը որ գան բարձրացնեն աշխատավարձը, դա իմ խա՞թր են անում, չէ, ես ինչ-որ մի տեղ հազար հոգուց մեկն եմ, չէ՞: Հիմա այստեղ կա 2 հազար աշխատակից»:

«Այստեղ քաղաքական թիմը կամ Երևանի ավագանին չի բարձրացնում ինքը իր աշխատավարձը, [...] բարձրանում է համայնքային ծառայողների աշխատավարձը՝ 2 հազար մեր երևանցիների աշխատավարձը, եթե մի ընտանիքում հաշվենք չորս հոգի միջինը, 10 հազար մարդու աշխատավարձը սրանով բարձրանում է, 10 հազար մարդու եկամուտ ընտանեկան», - ընդգծեց Լևոն Հովհաննիսյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG