Երեք օր շարունակ գրքի ու գրականության սիրահարները հնարավորություն ունեին մասնակցելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող Գրքի երևանյան 4-րդ փառատոնին, որն ամփոփվեց երեկ երեկոյան Նկարիչների միության ցուցասրահում՝ փառատոնի շրջանակներում տեղի ունեցող գրական մրցանակաբախշությամբ:
Այս տարի այն նախատեսված էր միայն երկու անվանակարգում՝ «Արձակ» և «Պոեզիա»:
Ի տարբերություն նախորդ տարիների, յուրաքանչյուր անվանակարում այս տարի նախատեսված էր մեկական մրցանակ՝ 250 հազարական դրամ պարգևով:
Ինչպես նշեց մրցույթի կազմակերպիչ, ԿԳՄՍ նախարարության գրական բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը, մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 70 գրող «Արձակ» անվանակարգում և 76 գրող «Պոեզիա» անվանակարգում:
Մրցութային հանձնաժողովի կազմում եղել են գրող գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը և գրականագետներ Ալվարդ Սեմիրջյանը, Հասմիկ Խեչիկյանը և Քրիստինե Հովհաննիսյանը:
Այս տարի «Արձակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց երիտասարդ գրող Հովիկ Աֆյանը: Նա ներկայացրել էր երկու պատմվածք՝ «Ակորդեոն, զուռնա, դհոլ» և «Դավաճանություն»։
Իսկ «Պոեզիա» անվանակարգում մրցանակը հանձնվեց երիտասարդ գրող Լուսինե Եղյանին՝ «Երկիր - Պատ» բանաստեղծությունների շարքի համար:
Հաջորդ տարի լրանում է մեր մեծագույն պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանը, և հոբելյանին ընդառաջ այս տարի Գրքի երևանյան փառատոնն անցկացվում էր չարենցյան ոգով: Չարենցի տուն-թանգարանն այս կապակցությամբ մրցանակակիրների համար նախապատրաստել էր «Եղիշե Չարենց» հուշամեդալներ: Մրցանակակիրներին հուշամեդալները հանձնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե որպես մրցութային հանձնաժողովի անդամ, ինչ տպավորություն ունի, ինչպեսի երիտասար գրական սերունդ է ձևավորվում, մրցութային հանձնաժողովի անդամ Գուրգեն Խանջյանն ասաց. - «Ամենամեծ ուրախությունն այն է, որ գրականությունը շարունակում է ապրել։ Ինչքան էլ ասում են՝ գրականությունը սպառել է իրեն, մահանում է... 146 հոգիմ քիչ չի։ Եվ մեծ մասը ջահելներ էին, և կարգին որակ կար այդ տեքստերի մեջ։ Նույնիսկ ամենաթույլ տեքստերի մեջ կառույցի որակ կար, լեզվի որակ կար»։
Նրա խոսքով, այս կարգի մրցանակները հեղինակներին ոգևորում են. - «Հիմնականում ոգևորությունն է։ Եվ հետո այս ամբողջ մթնոլորտը, որ իրար հետ շփվում են, որ խոսում են, զրուցում են գրականության շուրջ... Որովհետև գրողները հիմնականում իրենց կաշվի մեջ մտած մարդիկ են, չեն բացվում։ Իսկ այստեղ բացվում են իրար տեսնելով, ամեն օր չի, որ իրար տեսնում են»։
Իսկ հարցին, թե ինչ ուղղությամբ է շարժվում ժամանակակից գրականությունը, Խանջյանն արձագանքեց. - «Առհասարակ գրողի թեմաները համարյա նույնն են մնում նույնիսկ դարերով։ Ուղղակի ձևեր են փոխվում և մի քիչ, իհարկե, խորությունը, մարդկության փորձը շատանում է»։