«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթեն Թորոսյանն տարօրինակ է համարում խորհրդարանական ընդդիմության՝ իշխող ուժի հետ չհամագործակցելու, անզիջում պայքար մղելու մասին հայտարարությունները։
«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Թորոսյանը հայտարարեց՝ իրենց օրակարգն առաջ մղելու հարցում ավելի անզիջում են լինելու, քան՝ ընդդիմությունը։
«Ազատություն»․ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ ակտիվ անդամ եք, առաջատար անդամն եք և խորհրդարանը միանգամայն այլ որակներ ունի հիմա, խոսքն ընդդիմության մասին է, ընդդիմությունը կոշտ է և անզիջում և շատ հարցերում պարզապես առճակատում է լինելու ձեզ հետ։ Ինչպե՞ս եք աշխատելու ընդդիմադիրների հետ, նրանք ասում են, որ չեն համագործակցելու ձեզ հետ։ «Պատիվ ունեմ» դաշինքը մի փոքր այլ կերպ է մոտենում այդ հարցին, ասում է՝ «Եթե պետության համար կարևորագույն հարց է, ապա մենք ոչ թե համագործակցելու իմաստով, այլ մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ օրենք է պատրաստվում, մասնակցել այդ աշխատանքներին», բայց մյուս դաշինքն ընդհանրապես։
Արսեն Թորոսյան․ - Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչ է նշանակում չեն համագործակցելու։
«Ազատություն»․ - Մի փոքր այլ կերպ ձևակերպեմ հարցս՝ նրանք ասում են, որ օր առաջ պետք է ազատվեն ձեզնից, դրա մասին է խոսքը։
Արսեն Թորոսյան․ - Ընդդիմության գործն է ընդհանրապես գալ իշխանության, եկեք ֆիքսենք դա, ընդդիմությունների գործը դա է, էդտեղ որևէ նոր բան չկա։ Պարզ է, որ ցանկացած ընդդիմություն ուզենալու է դառնալ իշխանություն, այդ թվում՝ գործող ընդդիմությունը, բայց եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում՝ չի համագործակցելու։ Եղել են Ազգային ժողովի ընտրություններ, որի արդյունքում այս կամ այն քաղաքական ուժը ստացել է քվե, կոպիտ ասած, պատվեր ընտրողներից, գնալ և իր շահերը ներկայացնել խորհրդարանում, հիմա, եթե իրենք հրաժարվում են իրենց ընտրողների շահերը ներկայացնել խորհրդարանում, թող տենց ուղիղ էլ ասեն իրենց ընտրողներին, որ «հարգելի ընտրողներ, հազարավոր քաղաքացիներ, հրաժարվում ենք ձեր շահերը ներկայացնել խորհրդարանում»։ Եթե չեն հրաժարվում, ուրեմն պետք է գան խորհրդարան, աշխատեն խորհրդարանում, վերցնեն իրենց մանդատները, ստանան իրենց մնացած ատրիբուտները, որպեսզի մասնակցեն քվերակություններին, առաջադրումներ անեն, ելույթներ ունենան, ի վերջո, Ազգային ժողովի ամբիոնը թիվ մեկ ամբիոնն է Հայաստանի, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է և այդ չհամագործակցելու, անզիջում պայքար մղելու բառակապակցությունները մի քիչ տարօրինակ են, անկեղծ ասած թվում, իհարկե օրը կգա, կտեսնենք ինչ են դրանք իրականում նշանակում, բայց եթե, օրինակ, խոսքը քաղաքական պայքարի, քաղաքական անզիջումության մասին է, դա իրենց իրավունքն է իրենց դիրքավորելու այս կամ այն կերպ, և ես, նորից եմ կրկնում, մեզնից ռադիկալ թող չլինեն, մենք էլ ենք անզիջում լինելու մեր օրակարգն առաջ մղելու հարցում, ավելի անզիջում քան իրենք են լինելու։
«Ազատություն»․ - Բավարար ձայներ ունեք այդ իմաստով։
Թորոսյան․ - Ձայների հարց չէ, հասկանում եք, դա հավատամքի հարց է, թե դու ինչ ես անում, դու ինչքան ես հավատում։
«Ազատություն»․ - Ձեր երդումը ձեր ընտրողների առջև։
Թորոսյան․ - Ե՛վ ընտրողների, և մե՛ր խղճի և ընդհանրապես մեր պետության առջև, թե դու ինչքան ես հավատում քո անելիքին, քո ասելիքին, ինչ ես պատրաստ ներդնել դա անելու համար։ Իսկ, եթե խոսքը վերաբերում է Ազգային ժողովի դահլիճում հակաօրինական գործունեություն վարելուն, այդ անզիջումության տակ իրենք դա են հասկանում, դրա համար կան օրենքով սահմանված գործիքներ և իրավապահ մարմինները կզբաղվեն օրենք խախտողներով, եթե խոսքը վերաբերում է քաղաքական անզիջումությանը, իրար հետ քաղաքական պայքար մղենք և ստանանք լավագույն արդյունքը մեր երկրի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև