Հունգարիայի հիվանդանոցներում աշխատող հազարավոր բուժքույրեր և բուժակներ երեկ մայրաքաղաք Բուդապեշտում բողոքի ցույց են անցկացրել և պահանջել են ավելացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները:
Հունգարիայի առողջապահության համակարգում կարող է լուրջ ճգնաժամ սկսվել, քանի որ մեծ թվով բուժաշխատողներ, ըստ վերջերս անցկացված հարցման արդյունքների, մտածում են ավելի լավ եկամուտ ստանալու նպատակով արտասահման տեղափոխվելու մասին:
Բուժաշխատողների երեկվա բողոքի ակցիային ի նշան համերաշխության մասնակցել են հունգարական մի շարք արհմիությունների մեծ խմբեր:
Ցուցարարները երեկ ասել են, որ COVID-19 համավարակն էլ ավելի է վատթարացրել բուժաշխատողների աշխատանքի պայմանները:
Բուժաշխատողները Հունգարիայի կառավարությունից պահանջում են ռոճիկների ավելացում և աշխատանքային ժամերի կրճատում: