Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաք, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաք, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացրել ՄԱԿ-ում: Այս մասին երեկ ճեպազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով հուլիսի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած բախումները:

«Մենք աճող մտահոգությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդումներին, այդ թվում` այսօր գրանցված վերջին միջադեպի վերաբերյալ», - հայտարարել է Հաքը։

«Կոչ ենք անում երկու կողմերին լինել զուսպ, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի, և առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է այս գիշեր և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։

XS
SM
MD
LG