Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Դուշանբեում ասել է, որ Աֆղանստանում իրավիճակի սրացմանն արձագանքելու նպատակով Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հաջորդ շաբաթ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքում։
Շոյգուն մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Այդ կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի չորս երկիր։
Աֆղանստանի ներսում «Թալիբան» շարժման հարձակումները սկսվելուց ի վեր Ռուսաստանը լրացուցիչ զինտեխնիկա է տեղափոխում Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանային շրջանում տեղակայված ռուսական ռազմակայան։