Մատչելիության հղումներ

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հարթագյուղի ավելի քան 100 հեկտար անմշակ հողատարածք մշակելի է դարձել


Հարթագյուղցի Նորիկ Ավետիսյանն ասում է՝ գյուղի աշխատանքը բարդ է, եկամուտը քիչ, հողը գրեթե չեն մշակում, քիչ քանակով անասուն են պահում։

«Ինչու՞, ինչպե՞ս, ինչքա՞ն» հարցերին կարճ պատասխան ունի՝ դե, գոհ են, ավելին գյուղում հնարավոր չէ. - «Ջուրն ա քիչ մ պրոբլեմ»։

Ասաց, շտկեց Հայաստանի դրոշով ու մակագրությամբ գլխարկը, հրահանգ տվեց Բույան անունով ձիուն ու սայլն առաջ տարավ։ Հարթագյուղում հիշում են, որ ժամանակին իրենց գյուղը տարածաշրջանի ամենազարգացածներից մեկն է եղել։ Խորհրդային տարիներին 700 հեկտար հող են մշակել, 11 կոմբայն ու խոշոր անասնաֆերմա ունեցել։ Բայց դա 30 տարի առաջ։

Տարածաշրջանում մեծ համբավ ունեցած գյուղի վերջին տասնամյակների գյուղատնտեսական պատմությունն ընդհակառակը, շատ տխուր է։ Այսօր հողերի 20-25 տոկոսն է միայն մշակվում։ Անասնագոմերը քարուքանդ են եղել, կոմբայններն էլ վաճառվել։

Ասում են գյուղի տղամարդիկ ստիպված ցիրուցան եղան խոպաններում։ Նախկին հողագործը Ռուսաստանում շինարար դարձավ, կոմբայնավարը ասֆալտի գործում՝ բանվոր։ Կանայք գյուղում հիմնականում մենակ են, տղամարդիկ՝ իրենցից հեռու. - «Մեծ տղես գնաց Ռուսաստան, չի ուզում գա Հայաստան... որ գյուղում աշխատանք եղներ, կգար, իրա հոր արհեստով կաշխատեր, գյուղում էլ կապրեին»։

Օրերս Էկոնոմիկայի նախարարն էր ասում, թե գյուղերում աշխատատեղի պակաս կա՝ ֆերմերները նույնիսկ հովիվ չեն գտնում։

Հարթագյուղցի Էլիզա Մարգարյանը երեք անչափահաս երեխաների մայր է։ Գյուղում բարեգործական ծրագրով մշակվող կարտոֆիլի ցանքսերում հողը փխրեցնում էր։ Ասաց՝ ինքն անում է այս գործը, բայց սա իր տան տղամարդու բան չէ։ Չի անի։ գյուղում այլ աշխատանք է փնտրում։ Չկա, պարապ նստած է տանը։

Հարթագյուղում 4 տարի առաջ գյուղերի զարգացման տարբեր ծրագրեր իրականացնող «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը հանդիպել է հողագործությունից խռոված գյուղացիներին, տեսել հարյուրավոր հեկտարների խամ ու խոպան դարձած վարելահողերն ու որոշել հարթագյուղցուն կապել երբեմնի բերրի հողի հետ։ Հիմնադրամի ղեկավար Մարիամ Անտոնյանն ասում է՝ գյուղում աշխատելու 4 տարիներին խորքային ուսումնասիրել են հողն անմշակ թողնելու պատճառները։ Գյուղի իրենց զարգացման մոդելով համախմբել են հուսահատ գյուղացիներին, անգամ, ինչպես կառավարության անդամներն էին ասում, ոմանց խոպանից բերման ենթարկել ու միասին ավելի քան 100 հեկտար անմշակ հողատարածք մշակվող դարձրել։

«Մենք երբ որ եկանք էստեղ, ասեցինք՝ եկել ենք ձեզ համար գյուղատնտեսական ծրագիր անելու։ Իրանց ռեակցիան՝ դուք Երևանից եկել եք մեզ սովորացնեք ինչպե՞ս վարենք գյուղատնտեսություն։ Բնականաբար, այդ խոսակցությունն այս օրը այդքանով վերջացավ։ Մենք հասկացանք, որ մենք սխալ մոտեցմամբ էինք եկել։ Ասեցինք՝ շատ լավ, ժողովուրդ ջան, ընդունում ենք ձեր ասածները։ Եկեք վերցնենք մի հատ տարածք ու էն, ինչ որ մենք մտածում ենք, էդ տարածքում միասին փորձարկենք։ Ամենաառաջին բանը, որ ուզում էի, որ մենք փորձարկենք, այն էր, որ էս հողին քիմիա չտանք», - «Ազատությանը» պատմեց Մարիամը։

Արդյունքներն աննկարագրելի էին, ասում է նա՝ հավելելով, որ ինքն էլ կապվել է գյուղին ու չի պատկերացնում իր անելիքն առանց գյուղի. - «Մեր ծրագրով շատ կարևոր է, որ վերցնենք անմշակ հողերը, որոնք երկրաշարժից հետո չեն մշակվել ընդհանրապես։ Մենք օգնում ենք գյուղացիներին մշակել հենց էդ հողատարածքները, որովհետև հատկապես Հարթագյուղում հողը շատ կավային է, և դա սկսել մշակելը ավելի շատ գումար է պահանջում։ Մենք էդ դժվար գործն ենք անում։ Առաջին տարին մշակում ենք, բերքը իրենցն ա, և երկրորդ տարվանից սկսած... մեզ էլ հետաքրքիր իրենք կշարունակեն թե չէ։ Ուրախացանք, որ տեսանք, որ իրենք շարունակում են։ Գյուղերի զարգացումը ես մենակ էս ձևով եմ պատկերացնում։ Մենք պետք ա իրանց կողքը լինենք, մենք պետք ա իրենց հետ հավասար քայլենք բոլոր դժվարություններում»։

Ծրագրի համակարգող 30-ամյա Արամ Կարապետյանն ամեն տարի խոպան էր գնում։ Ասում է՝ անմշակ էր թողել իրենց ընտանիքի հեկտարներով ունեցվածքն ու դրսում էր հարստություն փնտրում։ Բայց խոպանից ետ է եկել, միացել գյուղի զարգացման բարեգործական ծրագրին ու ոգևորվել։ Իր հողն է՛լ է մշակում, ուրիշներին էլ օգնում մշակել։

Ավելի քան 100 հա հողատարածքը գյուղի 80 կանանցով են մշակում։ Հնկաձավար, ոսպ, ոլոռ, կաղամբի 30 տեսակներ ու այլ նոր մշակաբույսեր են արտադրում, բոլորն էլ առանց թունաքիմիկատների ու վնասակար պարարտանյութերի։ Այն, ինչ չեն պատկերացրել, որ հնարավոր է իրենց մշտապես քամոտ ու ցուրտ գյուղում ստանալ, հիմա արտադրում են։

«Մարիամը էս մեռած գյուղը ոտքի ա հանել», - ասում է բարեգործական ծրագրի շահառուներից Ջեմմա Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG