Մատչելիության հղումներ

Արտերկրում ստեղծագործող ու լայն ճանաչում վայելող հայ երաժիշտները հանդես կգան «Հանդիպում Երևանում» համերգով


Երիտասարդ, տաղանդաշատ թավջութակահար Սևակ Ավանեսյանը հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, և ահա այս երեկո մեր երաժշտասերները կարող են Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա գտնվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Վահագն Պապյանի ղեկավարությամբ, որտեղ որպես մենակատար հանդես կգան Սևակ Ավանեսյանը, նրա եղբայրը՝ ջութկահար Հրաչյա Ավանեսյանը և դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:

Երեք երաժիշտներն էլ ապրում ու ստեղծագործական գործունեություն են ծավալում արտասահմանյան երկրներում, ուստի պատահական չէ համերգի խորագիրը՝ «Հանդիպում Երևանում»: Ծրագրում կհնչեն Բեթհովենի Եռակի կոնցերտը և Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունը։

Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանը Սևակ Ավանեսյանը նշեց, որ այս մտահաղացումը իրենն է եղել, քանի որ նպատակ ուներ իր գործընկերների հետ ոչ միայն Հայաստան ու Արցախ գալ, այլև համերգով հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, քանի որ ինքը շատ կապված է Հայաստանի և Արցախի հետ:

«Կարելի է ասել, ես չէի էլ գնացել։ Արդեն ինձ համարում եմ երևանցի, երևանաբնակ, մեկնում եմ հյուրախաղերի և գալիս հետ։ Հիմա մինչև օգոստոսի կեսը լինելու եմ Երևանում, հետո մի շաբաթով գնալու եմ համերգների, հետո վերադառնալու եմ», - ասաց նա։

2014 թվականից Սևակ Ավանեսյանը ընտանիքով բնակության է մեկնել Բելգիա, որտեղ շարունակել է մասնագիտական կրթությունը՝ հետագայում դառնալով ամենատարբեր հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր: Բայց նրա թերևս ամենահիշարժան, անմոռաց կատարումը Շուշիիում էր, պատերազմի օրերին ռմբակոծվող և դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, որտեղ նա ինքնամոռաց նվագում էր Կոմիտասի հանրահայտ «Կռունկը»:

Այսօր նա ասաց. - «Շատ ժամանակ է անցել այդ կատարումից, և պատերազմի օրերին պետք էր։ Բայց հիմա, քանի որ արդեն դրա կարիքը չկա, ես ընդհանրապես ձգտում եմ ո'չ խոսել, ո'չ մեկնաբանել։ Որովհետև դա պետք էր ամբողջ աշխարհին ցույց տալ, մաքսիմալ բոլորին ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչ անարդարություն է տեղի ունենում, և աշխարհը անտարբեր է դրա հանդեպ։ Դրա համար ես օգտագործեցի այդ կատարումը, ստացվեց հայտնի դառնալ, բայց նոյեմբերի 9-ից մինչև օրս ես ո'չ խոսել եմ դրա մասին, ո'չ էլ համարում եմ, թե դրա կարիքը կա»։

Հարցին, թե արդյոք զգացողություն ուներ, թե դա վերջին կատարումն է այդ եկեղեցում, Ավանեսյանն արձագանքեց. - «Չեմ կարող ասել։ Շատ ցավալի է, չէի սպասում, որ այսպես կավարտվի։ Ես վստահ եմ, սա չի ավարտվել։ Ես պետք է նորից նվագեմ այդ եկեղեցում... Էդ պահին դա իմը չէր, դա ես չէի, դա հայ ազգի կողմից էր, իմ մարմինը օգտագործվեց այդ պահին, միգուցե վերին ուժերի կողմից, բայց ես իմ վրա չեմ վերցնում ո'չ այդ կատարումը, ո'չ զգացողությունը։ Դրանից հետո ես էլի եղա Շուշիում, ու ամեն անգամ այդ հողերին նայելիս վախ կար, որ միգուցե սա լինի վերջինը»։

Ուշագրավ է, որ իր իսկ խոսքով, թե մինչև այդ օրը, թե այդ օրվանից հետո այլևս չի կատարել «Կռունկը» և չի պատկերացնում, թե էլ երբ կկատարի: Իսկ այդ օրը, ասում էր որ որոշել էր Բեթհովեն նվագել եկեղեցում, սակայն ձեռքերն ակամայից նվագեցին «Կռունկը»:

Հավելում էր նաև, որ պատերազմից հետո իր նվագը շատ է փոխվել: Արցախից վերադարձել է հոգում մեծ ցավ պահած: Հիացած է, սակայն, արցախցիների տոկունությամբ և արիությամբ, նաև նորից ստեղծելու, կառուցելու վճռականությամբ: Արցախցի երեխաների ծիծաղը, արցախցիների լավատեսությունը հույս և կորով են իրեն ներշնչում Արցախի ու Հայաստանի ապագայի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG