Մատչելիության հղումներ

Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման, շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքերով 9 քրեական գործ է հարուցվել


Արաքս գետ, արխիվային լուսանկար
Արաքս գետ, արխիվային լուսանկար

Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերով հարուցվել է 9 քրեկան գործ, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը` նշելով՝ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։

Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ Արաքս գետի ամբողջ երկայնքով գործում են 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություններ։

Գետի ավազանում տեսչական մարմինը չափագրման աշխատանքներ է իրականացրել ու արդյունքներն ուղարկել Գլխավոր դատախազություն, դատախազությունն էլ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր է արձանագրել։

Ինչպես նախարարությունն է նշում՝ Գլխավոր դատախազությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հատկանիշներով։

Ըստ հաղորդագրության՝ հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 312 հազար խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG