Մատչելիության հղումներ

Թեհրանում ցուցարարները բացականչել են «մահ դիկտատորին», «մոլլաները պետք է հեռանան», «ամոթ Խամենեիին»


Իրան - Փետրվարի 26-ի բողոքի ցույցը Թեհրանում
Իրան - Փետրվարի 26-ի բողոքի ցույցը Թեհրանում

Ջրի սակավությունից և տնտեսական վատթարացող վիճակից զայրացած հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Թեհրանի փողոցներ և, բացահայտ արտահայտելով իրենց դժգոհությունը երկրի իսլամական կառավարիչների դեմ, բացականչել են՝ «մահ դիկտատորին»։

«Ազատություն» ռադիոկայանի «Ռադիո Ֆարդա» ծառայությունը վկայակոչել է սոցցանցերում տեղադրված տեսանյութերն ու մեջբերել գրառումները, ըստ որոնց՝ հուլիսի 26-ին Թեհրանի կենտրոնում՝ Ջոմհուրի Իսլամի պողոտայում բողոքի ցույց է անցկացվել։ Թեհրանի փոխնահանգապետ Համիդռեզա Գուդարզին հաստատել է, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել, ասելով, թե ցուցարարների դժգոհության պատճառն անբավարար էլեկտրամատակարարումն էր։

Սակայն տեսանյութերն ու սոցցանցերի գրառումները վկայում են, որ Թեհրանի ցուցարարներն աջակցություն են հայտնել նաև երկրի հարավում գտնվող Խուզեստան նահանգին և Իրանի այլ քաղաքներին, որտեղ հուլիսի 15-ից բողոքի ցույցեր են անցկացվում ջրի բացակայության պատճառով։

Թեհանում արված տեսանյութերը վկայում են, որ ցուցարարներն արտահայտում են իրենց դժգոհությունը երկրի քաղաքական կյանքը վերահսկող պահպանողական մահմեդական հոգևորականների հանդեպ, բացականչել են՝ «մոլլաները պետք է գնան»:

Տեսանյութերում երիտասարդ ցուցարարները բացականչում են նաև՝ «ամոթ Խամենեիին»։ Ալի Խամենեին Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդն է, նրան են ենթարկվում երկրի առանցքային կառույցները։

Ցուցարարները կոչեր են հնչեցել նաև Իրանի տարածաշրջանային քաղաքականության դեմ, բացականչելով՝ «ո՛չ Գազայում, ո՛չ Լիբանանում, ես զոհաբերում եմ կյանքս հանուն Իրանի»: Այս կարգախոսը տասնամյակներով հնչեցնում են նրանք, ովքեր դեմ են Իրանի ֆինանսական ու զենքի օգնությանը պաղեստինցի զինյալներին ու Լիբանանի «Հըզբոլա»-ի գրոհայիններին։

Իրանում հիմա ամենաուժեղ երաշտն է վերջին կես դարում, այն ավելի է խորացել ջրային ռեսուրսները վատ կառավարելու հետևանքով։ Ջրամբարներում ջուր չկա։ Գյուղատնտեսության վնասներից բացի, ամբարտակների ջրի սակավության պատճառով հիդրոէլեկտրակայաններում բավարար էլեկտրաէներգիա չի արտադրվում, Իրանի որոշ շրջաններում էլեկտրամատակարարումը շաբաթներով ընդհատվում է։

Այս խնդիրներին գումարվել է կորոնավիրուսի համավարակի նոր ալիքը, ամերիկյան պատժամիջոցների պատճառով տնտեսության վատ վիճակը։ Դրանք նպաստել են Իրանում դժգոհության աճին:

Իշխանությունները կոշտ մեթոդներ են կիրառել ցուցարարների դեմ։ Հուլիսի 15-ից սկիզբ առած բողոքի ակցիաների մասնակից հինգ ցուցարար է սպանվել։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ցուցարարների մահը իշխանություների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանք է, և թափանցիկ հետաքննության ու մեղավորներին պատժելու կոչ է արել։

Human Rights Watch-ի Իրանի փորձագետ Թարա Սեփրի Ֆարի խոսքով՝ «Իրանի իշխանությունները տնտեսական աճող դժվարություններից ու կյանքի պայմաններից հիասթափված ցուցարարներին փամփուշտներով պատասխանելու շատ վատ փորձառություն ունի»։

XS
SM
MD
LG