Մատչելիության հղումներ

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին


Այսօր հայ հասարակությունը Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտը տվեց նշանավոր դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին: Նա իր մահկանացուն կնքեց 93-ամյա հասակում, հուլիսի 6-ին Լոս Անջելես քաղաքում: Այսօր նրա աճյունն ամփոփվեց մեր մեծերի կողքին՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

1928 թվականին Սոլակ գյուղում ծնված և վաղ մանկությունից որբության դառնությունը ճաշակած, 6 տարեկանից դուդուկ նվագող, հետագայում աշխարհի բեմերը նվաճած և դուդուկի կամ ծիրանափողի հայկական ծագումն աշխարհում հաստատած երաժիշտը բռնեց հավերժության ճամփան:

Ճիշտ կեսօրին իր հարգանքի տուրքը Վարպետի հիշատակին Արամ Խաչատրյան համերգասրահում մատուցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ ասաց. «Նրա անուն ազգանունը՝ Ջիվան Գասպարյան, արդեն ամեն ինչ ասում է նրա մասին: Ես չէ, որ պետք է գնահատեմ իր արվեստը, էն ինչ-որ ինքը արեց՝ դուդուկի ընկալումը, դուդուկի գաղտնիքները: Դուդուկը նոր չի ստեղծվել, բնականաբար, վաղուց եղել է, բայց նման ընկալում, որ այսօր հայկական դուդուկը ունի աշխարհում ի շնորհիվ Ջիվան Գասպարյանի այժմ լրիվ այլ ընկալում ունի և հպարտություն է»:

Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ հայկական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի և հայկական ազգային երաժշտության միջոցով Ջիվան Գասպարյանի միջազգային ճանաչումը նրա մեծ տաղանդի արդյունքն էր. «Պարզապես ծնունդով իր մեջ կրում էր հայությանը ամենահատուկ մեղեդին, ծնունդով իր հետ բերել էր այդ մեղեդին և դուդուկի միջոցով դրսևորեց այդ մեղեդին»:

«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր և երկարամյա ղեկավար Սարգիս Բաղդասարյանի խոսքով էլ. «Մեզ համար անդառնալի կորուստ է, նշանակում է, որ բնական և ոչ բնական մահերի պատճառով գունաթափվում է մեր քաղաքը»:

Երգչուհի Հասմիկ Հարությունյանն էլ նշեց. «Ջիվանի դուդուկի հնչողությունը տարբերվում էր, ի՞նչ ասեմ, ամեն մի մարդ հասկանում էր և՛ Վաչե Հովսեփյանի նվագը, և՛ Ջիվան Գասպարյանի, և՛ նոր սերնդինը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG