Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել․ Արմեն Սարգսյան


Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար և նշել, որ տպավորված է բացման արարողությունով ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ըստ նախագահի, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։

Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ:

Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։

Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG