Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Աշխարհահռչակ դուդուկահարը 93 տարեկան էր:
Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է հազարավոր համերգներում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը: Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: