Մատչելիության հղումներ

Որևէ կուսակցություն դեռ չի հայտարարել Վանաձորի ղեկավարի ընտրություններին մասնակցելու կամ թեկնածու առաջադրելու մասին


Վանաձորում դեռ որևէ կուսակցություն պաշտոնապես չի հայտարարել համայնքի ղեկավարի ընդամենը երկու ամսից կայանալիք ընտրություններին մասնակցելու կամ թեկնածու առաջադրելու մասին։

Ազգային ժողովի ընտրություններից առաջ բոլոր կուսակցություններում ասում էին, թե իրենց որոշումը կախված կլինի արդյունքներից՝ ինչ քաղաքական դասավորություններ տեղի կունենան։ Բայց դրանից մեկ ամիս անց էլ որևէ հայտարարություն չի հնչում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարվել է մանդատից, «Ազատությանն» ասաց՝ շարունակելու է պաշտոնավարումը որպես մարզի ղեկավար և իր թեկնածությունը որպես համայնքապետ, չի դիտարկվում։ Բայց այլ թեկնածուների անուններ չհնչեցրեց, ասաց, այս պահին դեռ որևէ հստակություն չկա։

Համայնքի ավագանիում մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը» դեռ չգիտի՝ կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ։ Կուսակցությունից ասացին, դեռ քննարկումներ չեն սկսել։ Առաջիկա օրերին միայն ինչ-որ բան հայտնի կդառնա։

Խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Վանաձորի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը հրաժարվեց ոչ աշխատանքային ժամին պատասխանել քաղաքական հարցերի, Հորդորեց՝ աշխատանքային ժամի զանգել։

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանն էլ ասաց՝ հաստատ կմասնակցի ընտրություններին, բայց դեռևս հայտնի չէ՝ ինչ ձևաչափով հանդես կգա, ո՞ր կուսակցության ցուցակում կլինի։

«Ես ինքս պետք է որոշում կայացնեմ, որովհետև գործող քաղաքապետը ես եմ, ես ինքս պիտի հասկանամ ինձ համար ընկալելի տարբերակը որ մեկն է, հետևաբար այս կամ այն թևի կուսակցության անուն տալն այս պահին պատեհ չեմ համար, որովհետև առարկայական որևէ բան չկա», - նշեց Ասլանյանը:

«Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Դա արդեն ժողովուրդը կգնահատի, եթե ես հայտ եմ ներկայացնում, մտածում եմ, որ լուրջ հայտ եմ ներկայացնում գործող արդյունավետ թիմի ու քաղաքապետի հայտ եմ ներկայացնում, մնացածը ժողովուրդն իր գնահատականը կտա ընտրության միջոցով»:

2016 թվականին համամասնական ընտրակարգով համայնքի ավագանի են ձևավորել Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները։ Ընտրություններին մասնակցել, բայց անցողիկ շեմը չէին հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», ՀԱԿ-ն ու «Համախմբում» կուսակցությունը։

Թեև այն ժամանակ ընդդիմադիր համարվող «Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» կոալիցիա կազմելու մասին հուշագիր ընդունեցին և իրենց միատարր քվեարկության դեպքում կարող էին հաղթել մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին, բայց փակ գաղտնի քվեարկության արդյունքում համայնքապետ դարձավ Հանրապետականի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Նա 2018-ի հեղափոխությունից հետո շարունակելով լինել Հանրապետականի քաղաքային խորհրդի ղեկավար, մշտապես հայտարարել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, այս ընթացքում տեղի ունեցած որևէ ընտրությունների քարոզարշավում ներգրավված չի եղել։

Հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից առաջ Ասլանյանը «Ազատությանն» ասել էր, թե չի ուզում մասնակցել քաղաքական պրոցեսներին և չի մասնակցելու, թեև Հանրապետականի անդամ է և շարունակում է կուսակցական պաշտոն զբաղեցնել։

«Հնարավոր չի՞ ես իմ քաղաքի հոգսով, ցավով իմ տեղում նստած..., դուք պատկերացնո՞ւմ եք բոլորը դուրս գային փողոց, զբաղվեին քաղաքականությամբ: Ես էս քաղաքականության մեջ հայտնված եմ ընդամենը Վանաձորին իմ ծառայությունը մատուցելու համար», - նշել է նա:

Չնայած համայնքապետի ընտրությունները արդեն համամասնական ընտրակարգով, ասել է թե միայն քաղաքական ուժերի ընտրական ցուցակներով են տեղի ունենում, բայց Ասլանյանն ասում է՝ ամեն ինչ անելու է Վանաձորում ընտրությունները «սուր քաղաքականությունից» հեռու պահելու համար։

«Ես ուզում եմ ինչքան հնարավոր է քաղաքապետի ընտրությունները իջեցնել մի քանի աստիճան ցածր, որ սուր քաղաքական պրոցես չլինի, այս քաղաքը կարողանա նորմալ ինքնակառավարվել և այս կամ այն էքստրեմալ սիտուացիաներում քաղաքային իշխանությունը կարողանան նորմալ կենսագործունեությունը քաղաքի ապահովել: Չափազանց քաղաքականացված պրոցեսների ժամանակ տուժում է քաղաքային տնտեսությունը», - ասաց Ասլանյանը:

Մարզի որոշ համայնքներում, ղեկավարի լիազորությունների ժամկետն արդեն ավարտվել է, և պաշտոնակատարներ են նշանակված։ Մի քանի համայնքապետեր օրեր առաջ հրաժարական են տվել ու հեռացել պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG