Ադրբեջանի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
Մինչ օրս Վելիևը զբաղեցնում էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի և Պաշտպանության նախարարության անձնակազմի գծով գլխավոր վարչության պետի պաշտոնները։
Վելիևը 60 տարեկան է,1982 թվականին ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ուսումնարանը,1990-ից 94 թվականներին ուսանել է Մոսկվայում՝ Ֆրունզեյի անվան ռազմական ակադեմիայում։
Ադրբեջանի ԳՇ պետի պաշտոնը թափուր էր մնացել անցած տարվա աշնանից, երբ աշխատանքից հեռացվեց այդ կառույցի երկարամյա ղեկավար Նեջմեդդին Սադիխովը։
«Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Սադիխովը հեռացվել էր պատերազմի սկզբնական շրջանում արձանագրված անհաջողությունների պատճառով», - նշում է «Թուրան» գործակալությունը։