«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում գտնել, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում», - Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այս հայտարարությանը շատերը չհավատացին, մյուսները կատակի տվեցին, մինչդեռ իրականությունը այսպիսինն է։
«Անցյալ տարի մի քանի անգամ հայտարարությունների տեքստ հրապարակեցինք, անգամ գովազդ միացրինք, որ ավելի լայն շրջանակներ ներառեր, բայց քանի որ անցած տարի բախվեցինք խնդրի, և մարդիկ ուղղակիորեն չէին ուզում աշխատել, ավելի ճիշտ ուզում են, կին թե տղամարդ բոլորն ուզում են ինչ-որ գրասենյակային թեթև գրաֆիկով աշխատանք», - ասաց «Նավասարդ ագրո» ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:
Սևանում գտնվող ոչխարաբուծությամբ և հավաբուծությամբ զբաղվող անասնաֆերմայի գործադիր տնօրենը ասում է՝ այս խնդրին բախվում են արդեն երկրորդ տարին։ Խոստանում են բարձր աշխատավարձ՝ 250 -300 000 դրամ, ապահովում են սնունդով, լուծում են կացության հարցը, եթե կա դրա կարիքը, բայց միևնույնն է՝ հայտարարությունները մնում էին անարձագանք։ Եվ սա այն դեպքում, երբ խոսքը ոչ թե հին, խարխլված, այլ եվրոպական ստանդարտներով կառուցված գոմի մասին է։
«Անցած տարի տաջիկստանից երկու տաջիկ աշխատող բերեցինք, այս տարի արդեն դեռևս մարտ և ապրիլ ամիսներին դարձյալ հայտարարությունների տեքստեր, գյուղերում մեր ծանոթներին՝ եթե գիտեք մարդիկ, ասեք թող գան աշխատելու՝ պայմանները լավն են, և դարձյալ զրո արձագանք: Դարձյալ զանգեցինք մեր Տաջիկստանի ընկերներին, որ մեզ ևս 2 աշխատող ուղարկեն: Եվս մեկին կամ երկուսին հավանաբար կբերենք կամ խորը աշնանը, կամ էլ գարնանը, որովհետև նաև պետք է կթի գործընթացն ապահովող աշխատող ունենանք, իսկ մեր գյուղերում դարձյալ այդ գործը չեն ուզում», - ասաց Մելքոնյանը:
Հովվի խնդիրը համատարած է, ասում է Արմինե Մելքոնյանը: Մյուս ֆերմերներն էլ նույն դժգոհությունն ունեն: Նույն խնդիրը կա նաև Սպիտակ քաղաքում։ «Ագրոհոլդինգ» ընկերության լիազոր ներկայացուցիչը ևս արձանագրեց, որ հովիվ գտնել չեն կարողանում, ստիպված իրենք էլ դիմել են հնդկաստանցիների օգնությանը։
«Հենց խոպանի սեզոնը բացվում է, գնում են խոպան, վերջ, էլ մարդ չունենք աշխատող, ով էլ կա, մի քիչ առողջական խնդիրներ ունեն, անասնապահական գործեր կարա լինի, մի քիչ ֆիզիկականի հետ ու տենց մարդ չենք գտնում: Երիտասարդները հուշտ են լինում էդ գյուղատնտեսական գործերից», - նշեց ընկերության լիազոր ներկայացուցիչ Սասուն Ասատրյանը:
Ստիպված «Ագրոհոլդինգ» ընկերության համասեփականատերն է աշխատանքները կատարում, մինչև որ կգտնվի աշխատակից։ Իրավիճակն այլ էր նախորդ տարի, երբ համավարակի պատճառով սահմանները փակ էին, սահմանները բացվելուն պես խնդիրը սրվեց։
«Խոպանչիներին բերման ենթարկելու» առաջարկ երեկ արել էր Վահան Քերոբյանը։ Կատակել է, այսօր ասաց լրագրողներին և պարզաբանեց՝ Հայաստանում կան բազմաթիվ աշխատատեղեր և այն մարդիկ, ովքեր բախտը դրսում են փորձում, կարող են նաև այստեղ գտնել աշխատանք։
«Էկոնոմիկայի նախարարությունը ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություններ: Հիմա մենք ամենառեկորդային ամսում չենք, բայց երկրորդ ամենամեծ ցուցանիշն է, այսինքն ամենաշատ աշխատանքի հայտարարություններ կա այս պահին ինտերնետում տարբեր ոլորտների վերաբերյալ», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
Վահան Քերոբյանը նաև քննադատեց, այն իրավիճակը, երբ շատ մարդիկ նախընտրում են չաշխատել ու տանը նստած նպաստ ստանալ, կոչ անելով նրանց հրաժարվել նպաստներից և վաստակել աշխատանքով, այդ կերպ նաև փոխելով աղքատության ցուցանիշը։
Իսկ Հայաստանում, ըստ պաշտոնական աղբյուրների, միջին աշխատավարձը նախորդ տարվա 198 հազարից դարձել է 216 հազար դրամ։ Արդեն մի քանի ամիս է՝ աճում է նաև աշխատատեղերի թիվը, և հունիսին ունենք վճարվող գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ մանրամասներ ներկայացրեց։
«Գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար, այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է և համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից: Հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 միլիարդ դրամ, որպեսզի պատկերացնենք այս ցուցանիշի տարբերությունը համեմատության մեջ՝ անցյալ տարվանից 20 թվականի նկատմամբ այն ավելի է 19 միլիարդ դրամով», - ասաց Հովհաննիսյանը:
Ոչ աշխատատեղերի առկայությունից, ոչ էլ բարձրացած աշխատավարձերից տեղյակ չէին Երևանի հայտնի ֆայլաբազարում գործի սպասող բանվորները։ Ավելին ասել չցանկացան։
Կարիերայի հարթակ հանդիսացող ու աշխատաշուկայի վերլուծություն իրականացրած Staff.am-ի տվյալներով՝ 2021-ին աշխատաշուկան ակտիվացել է և ավելացել է թափուր աշխատատեղերի քանակը՝ գերազանցելով նախապատերազմյան և նախահամաճարակային աշխատաշուկային։ Օրինակ՝ 2019 թվականին, 18-ի համեմատ, թափուր աշխատատեղերի թիվն ավելացել էր 250 տոկոսով։
«Ամենապահանջված մասնագիությունները IT ոլորտի մասնագիտություններն են և IT ոլորտի հետ կապ ունեցող մասնագիտությունները, իսկ չպահանջվածների տեսանկյունից էսպես կարող ենք ասել՝ ոչ թե չեն համալրվում, այլ ուղղակի կա մասնագետների պակաս, օրինակ, թե՛ IT ոլորտում, թե՛ արտադրության ոլորտում, թե՛ հեռահաղորդակցության ոլորտում», - ասաց Staff.am հաղորդակցության և համագործակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանը:
Այս պահին միայն staff.am հարթակում 1200 թափուր աշխատատեղ կա: