Մատչելիության հղումներ

Պատգամավորի թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու գործով նախաքննությունն ավարտվել է


Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այսօր հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն «խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20-հազարական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»:

«Հիշյալ դաշինքի կողմից ներկայացված պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Հ. Է.-ն դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար ընտրողներին կաշառք առաջարկելու և խոստանալու հարցում նախնական համաձայնության է եկել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ։ Մասնավորապես, Հ.Է.-ն Մ.Ու.-ի հետ խոսակցությունների ընթացքում վերջինիս առաջարկել է գումարի դիմաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկող հնարավորինս մեծ թվով ընտրողների հավաքագրել` նշելով, որ պայմանները հանդիպման ընթացքում կհստակեցնի իր հետ համագործակցող Գ.Ա.-ն: Վերջինս 2021 թվականի հունիսի 14-ին Մ. Ու.-ի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց առաջարկվում է 20 հազար ՀՀ դրամ կաշառք: Մ.Ու.-ն, ընդունելով Հ.Է.-ի և Գ.Ա.-ի առաջարկը, նույն օրն այդ մասին տեղեկացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող իր ծանոթներին` վերջիններիս խոստանալով 20-հազարական ՀՀ դրամ կաշառք` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց», - մանրամասնում է ՀՔԾ-ը:

Խմբի կազմում նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու` առաջարկելու և խոստանալու համար Գ.Ա.-ին և Մ.Ու.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Մ. Ու.-ն լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ասված է հաղորդագրությունում:

Պատգամավորության թեկնածու Հ.Է.-ն նույնպես որպես մեղադրյալ է ներգրավվել նույն հատկանիշներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG