«Այսուհետ Վրաստանի տարածքում ԵՄ դրոշի վնասումը կամ պղծումը կպատժվի դրամական տուգանքով», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան։
Նրա խոսքով՝ ԵՄ, ինչպես նաև Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող պետությունների պետական խորհրդանիշերը վնասելու համար տուգանք սահմանող օրենսդրական նախաձեռնությունն արդեն մշակվել է և մոտ ապագայում հրավիրվելիք արտահերթ նիստի ընթացքում կներկայացվի խորհրդարանի դատին։
Վրաստանի հանրային հեռուստաընկերության տեղեկություններով՝ առաջին անգամ դրոշ պղծելու համար նախատեսվում է տուգանք 1000 լարիի՝ 325 ամերիկյան դոլարի չափով։ «Կրկնակի պղծման դեպքում կարող է նաև վարչական կալանք կիրառվել», - հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Այս թեման Վրաստանում հրատապ դարձավ հուլիսի 5-ին ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում ցուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել էին ԵՄ դրոշը։