Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2017-2020թթ. ապօրինի հարստացման, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հոդվածներով հարուցված քրեական գործերի քննության վիճակը:
Ըստ դատախազության՝ պարզվել է, որ 2017-ի ընթացքում վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020-ին՝ 5-ական քրեական գործեր: 2018-2020-ին հարուցված և քննված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով: Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի հարստացման գործերով քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ է տվել, մասնավորապես, պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, գույքի արժեքի հետ կապված մեկնաբանելիությունից և շահարկումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել յուրաքանչյուր դեպքում գույքի արժեքը որոշելու նպատակով նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն:
Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ: Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար: