Գյումրիի փողոցների վերանորոգման ծրագրի ավարտից հետո հավանաբար նոյեմբերին երթուղի դուրս կգան նոր միկրոավտոբուսներ։ Քաղաքային իշխանությունները միկրոավտոբուսները ձեռք են բերել սուբվենցիոն ծրագրով՝ 50 տոկոս քաղաքապետարանի, 50 տոկոս կառավարության համաֆինանսավորմամբ:
63 միկրոավտոբուսների ձեռքբերման համար 900 մլն դրամ է տրամադրվել: Ամբողջական խմբաքանակը Գյումրիում կլինի օգոստոսի կեսին, ասում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։ Պաշտոնյայից հետաքրքրվեցինք, թե ինչու են միկրոավտոբուսների ընտրության հարցում կանգ առել ռուսական «Գազել» մակնիշի վրա:
«Որովհետև համ էժան էր, համ կարող էինք տվյալ գումարով` 450 միլիոն ընդամենը տնտեսված գումար ուներ համայնքապետարանը, 450 միլիոն էլ կառավարությունը սուբվենցիոն ծրագրով հատկացրեց, ավելի լավ էր շատ քանակով մեքենաներ գնելը մեզ համար», - պատասխանեց Սարգսյանը:
Հարցին` մեկ միկրոավտոբուսն ինչ արժեքով է ձեռք բերվել, ասաց. «Մոտավոր 14 միլիոնի կարգի է մի մեքենայի արժեքը»:
Սարգսյանն ասում է, որ միկրոավտոբուսները եվրոպական ստանդարտներին համապատասխան են. «Գազել» մակնիշի մեքենաներ են ռուսական արտադրության, եվրո-5 ստանդարտներին համապատասխան մեքենաներ են, սալոնի բարձրությունը երկու մետրից ավելի է, ազատ կարող է ուղևորը կանգնել, թեպետ կանգնելու հնարավորություն չկա մեքենայի մեջ, որովհետև շատ նեղ է նստարանների արանքը: 16 տեղ է»:
Միկրոավտոբուսներից երկուսը հատուկ հաշմանդամություն ունեցողների համար են նախատեսված: Օրերս Գյումրի այցելած տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ դրանց հարմարավետությունը փորձեց:
3 միկրոավտոբուս էլ Գյումրիի քաղաքապետարանն իր հաշվին էր գնել անցած տարի: 66 միկրոավտոբուսն արդյոք կբավարարի՞ մոտ հարյուր հազար բնակչություն ունեցող Գյումրիին։ «Այդ 66 մեքենան հաստատ քչություն է անելու քաղաքին: Փորձելու ենք ամեն տարի, եթե ունենա համայնքապետարանը տնտեսված գումար, գնի մեքենաներ ու համալրումով երթուղիները փակենք բոլոր: Մոտավորապես այս 16 տեղանոց ավտոբուսները 80-ը լրիվ բավարար են ամբողջ երթուղային ցանցը սպասարկելու համար, նոր երթուղային ցանց է, որն ունենալու ենք 1-2 ամսից», - նշեց Սարգսյանը:
Միկրոավտոբուսները լինելու են քաղաքապետարանի սեփականությունը: Քաղաքապետարա՞նն է շահագործելու դրանք, թե՞ օպերատորը, հարցը դեռ քննարկումների փուլում է. «Շատ հնարավոր է, որ շահագործի համայնքապետարանը, բայց դեռ գծագրող, երթուղային ցանցը կազմավորող կազմակերպության հետ բանակցությունների մեջ ենք: Ուզում ենք ավելի պարզ հասկանալ` շահագործման որ եղանակն է ավելի մատչելի մեզ համար` Գյումրու համայնքապետարան, թե ինչ-որ մի կազմակերպություն»:
Գծատերերի ու վարորդների համար օրական պլան հասկացողություն այլևս չի լինի, վստահեցնում է քաղաքապետարանի պաշտոնյան. «Չի լինելու նման հասկացողություն` գծատեր, իսկ վարորդների մասով ասեմ, արդեն համայնքապետարանը 5-6 օր է` հայտարարություն է տվել, վարորդներ ենք ընդունում, հարցաթերթիկ են լրացնում, որպեսզի մենք ընտրենք, մեր ուզած վարորդներն աշխատեն տրանսպորտի վրա»:
Եվրամիությունը 450 հազար եվրո է տրամադրել, որ ձեռք բերվի 5 էլէկտրավտոբուս: Դրանք Գյումրի կհասնեն հաջորդ տարի: Էլեկտրավտոբուսները հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցողների համար, ուղեվարձն էլ նաև քարտային տարբերակով կլինի. «Գումարի մեջ ներառված է ամբողջ Գյումրի քաղաքում տոմսային, քարտային համակարգ ներդնելու ծրագիրը, որը, իմ կարծիքով, շատ շուտ իրականանալու է` երևի մյուս տարի»:
Այս պահին Գյումրիի տրանսպորտը սպասարկում է մի ընկերություն` շուրջ 90 միկրոավտոբուսով, որոնց մեծ մասը բավականին հնամաշ է։