Մատչելիության հղումներ

Քննարկվում են EU Digital COVID Certificate համակարգին ՀՀ միանալու հնարավորությունները. ԱԳՆ


Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Եվրամիության անդամ որևէ երկիր առայժմ չի ճանաչել Հայաստանում պատվաստման հավաստագրերը։

«Ազատությունը» հարցում էր ուղարկել արտաքին գերատեսչություն՝ խնդրելով ներկայացնել, թե այս պահին ո՞ր երկրներն են հաստատել Հայաստանում պատվաստված քաղաքացիների պատվաստման հավաստագրերը, ո՞ր երկրները դեռևս չեն ճանաչել և այժմ ճանաչման փուլում են, արդյո՞ք Եվրամիության հետ ընթանում են բանակցություններ, եթե այո, ապա ի՞նչ փուլում են պատվաստման հավաստագրերի ճանաչման գործընթացը։

Նախարարությունից հայտնում են. - «Դեռևս հունիսին առողջապահության նախարարության կողմից մշակվել է և ԱԳՆ-ին է տրամադրվել պատվաստման հավաստագրի նմուշ։ Սակայն գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում պարզ է դարձել, որ նմուշն ունի վերանայման կարիք։ ԱԳՆ նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության հետ համագործակցաբար, մշակվում է պատվաստման հավաստագրի վերջնական նմուշը, որն էլ ուղարկվելու է գործընկեր պետություններին՝ վերջիններիս դիտարկումները ստանալու նպատակով։ Քանի որ այս պահին դեռևս ընթանում է վերոնշյալ գործընթացը, հնարավոր չէ տրամադրել կոնկրետ երկրների ցանկ, որոնք ճանաչել կամ չեն ճանաչել ՀՀ-ում պատվաստման հավաստագրերը»։

Արտաքին գործերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը տեղեկացրել է նաև, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն չի հանդիսանում առողջապահության ոլորտում մասնագիտացված կառույց, օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ-ում պատվաստման հավաստագրի ճանաչելիության ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների և խորհրդատվության հիման վրա։ Մասնավորապես, պատվաստման հավաստագրի նմուշը մշակվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, որն էլ իր հերթին այն տրամադրում է ԱԳՆ-ին՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հավատարմագրման երկրների կողմից դրա ճանաչելիությունը պարզելու նպատակով»։

Առողջապահության նախարարությունից հայտնում են. - «Քանի որ այս գործընթացը նորություն է ամբողջ աշխարհի համար, միայն մեր երկրի չէ, դրա համար բոլոր երկրները այժմ իրականացնում են հավաստագրերի փոխճանաչման գործընթաց։ Հիմա կարծես հասել ենք վերջնական փուլին»։

«Պարզվեց, որ դա մեծ խնդիր է, որը դեռ չունի իր լուծումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Մարկ Գրիգորյանը, ով անմիջականորեն բախվել էր խնդրի հետ։ Նա պատմեց, որ որոշել էր մեկնել Նորվեգիա, սակայն տեղեկացել է, որ Հայաստանում ստացած AstraZeneca պատվաստման QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։

«Կա նաև մի այսպիսի հավելված, որը կոչվում է ԱՐՄԵԴ, և այս հավելվածում կա իմ լուսանկարն ու QR կոդը։ Ես, ուրախ լինելով, որ էլեկտրոնային համակարգի մեջ, տվյալների բազայում էս ամենը կա, սկսեցի մտածել Նորվեգիա գնալու մասին։ Պարզվեց, որ գոյություն ունի քովիդի հետ կապված մի ուրիշ հավելված, որը ստեղծված է հենց Եվրամիության կողմից։ Սա բացվում է և էստեղ պետք է QR կոդի սքան արվի։ Ես արել եմ այդ սքանը մի քանի անգամ, ու բոլոր պատասխանները բացասական էին։ Այստեղից էլ սկսվեց բոլոր պատմությունը», - պատմեց Գրիգորյանը։

Բյուրոկրատական քաշքշուկներից հետո Գրիգորյանը այդպես էլ Նորվեգիա չգնաց, բայց հույս ունի, որ այս դեպքը կնպաստի, որպեսզի խնդիրը լուծվի. - «Ես կարծում եմ, որ սա ուղղակի ինչ-որ մի անփութություն էր, կամ ինչ-որ տեղ չտեսան ինչ-որ բաներ։ Ես չունեմ որևէ բացասական էմոցիաներ, ընդհակառակը, ուրախ եմ, որ խնդիր բացահայտվեց և ուրախ եմ, որ դա կարող է խթան լինել խնդիրը լուծելու համար»։

Պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են ԱՐՄԵԴ համակարգում, քաղաքացին ստանում է QR կոդ, որը սկանավորելիս պարզ է դառնում՝ պատվաստված է թե ոչ։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ի տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով, Եվրամիության կողմից ստեղծված համակարգը թույլ է տալիս մի երկրի կողմից տրամադրված QR կոդը մյուս երկրի համար ճանաչելի դարձնել։ Հայաստանը այժմ պետք է այդ համակարգի մեջ ներառվի, որպեսզի այստեղ տրված QR կոդը ճանաչելի լինի Եվրամիության երկրներում։

«Ենթադրենք, Եվրամիության ինչ-որ երկիր է հատել քաղաքացին, ու էդ երկրի պաշտոնյան փորձել է սքանավորել մեր QR կոդը, եթե նա փորձել է բանալիով բացել, տեսել է այդ բանալիից իրենք չունեն, հետևաբար այդ երկիրը չի մասնակցում էդ համակարգին, հետևաբար ասում է՝ ձեր կոդը մենք չենք ճանաչում։ Բայց եթե այդ QR կոդը ինքը սքանավորեր սովորական հեռախոսի միջոցով կամ այլ ինչ-որ սարքի, էդ QR կոդը կտաներ ԱՐՄԵԴ սայթի հատուկ էջի վրա, պաշտոնյան կհամոզվեր, որ սա կեղծ չի, որ սա պաշտոնական պետական էջի վրա հաստատված սերտիֆիկատ ա։ Սպասում ենք, որ ԱԳՆ-ի կողմից Եվրամիության հետ այդ հարցերը պարզաբանվեն, օֆիցիալ մասը ավարտվի», - հավելեց Մանուկյանը։

Այս առնչությամբ Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրել են հետևյալը. - «Հայտնում ենք նաև, որ ներկայումս ՀՀ և ԵՄ իրավասու ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում են քննարկումներ ԵՄ կողմից մշակված EU Digital COVID Certificate համակարգին ՀՀ միանալու հնարավորությունների վերաբերյալ։ Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի իրավասու պետական կառույցների կողմից»։

XS
SM
MD
LG