Մատչելիության հղումներ

Տեղական արտադրողներն ահազանգում են՝ «Ազգային մոլ»-ից չեն կարողանում ստանալ տարածքի համար վճարած իրենց գումարները


Տեղական արտադրողներն ահազանգում են՝ այս տարվա մայիսի վերջերին իրենց մեկ հարկի տակ հրավիրած «Ազգային մոլ»-ի ղեկավարներին չեն կարողանում գտնել, որպեսզի հետ ստանան տարածքի համար վճարած իրենց գումարները կամ ապրանքները։

Ազգային արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով բացված «Ազգային Մոլ»-ում տաղավար է ունեցել նաև Լուսինե Ավակիմյանը։ Ասում է՝ 1 միլիոն դրամից ավելի արժե մոլի վարձակալած նախկին շենքում մնացած իրենց արտադրանքը՝ իտալական կաշվից կարված պայուսակներ ու հայկական զարդանախշերով բնական մետաքսե վզկապներ։

Շենքի սեփականատիրոջ ու մոլի ղեկավարների միջև առաջացած ֆինանսական վեճերի պատճառն ուսումնասիրելու նպատակով՝ իրավապահները կապարակնքել են դռները, մինչև քննության ավարտը։

«Թե հիմա տարածքի տիրոջ հետ ինչ խնդիրներ ունեք, ես տարածքի տիրոջը չեմ ճանաչում, ես իրա հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքել, ես ձեր հետ եմ կնքել, «Ազգային մոլ», տարածքի տերն ասում է՝ ես ինչ անեմ, ձեր նման մի տուժված էլ ես եմ: Նայում ենք չորս կողմը ոչ մի լուծում չենք տեսնում՝ ի՞նչ անենք», - ասաց Ավակիմյանը:

Մոլի տնօրեններ ներկայացած անձանց հետ պայմանավորվածության համաձայն Լուսինեն վճարել է 3 ամսվա գումար, ունի դա հավաստող պայմանագիր։ Հետո ասել են, որ տեղափոխվում են այլ տարածք, բայց ինքը չի համաձայնել։ Պատմեց՝ օրեր անց հեռուստացույցով տեսել է, որ Խորենացու մասնաճյուղում մոլի բացումն է, բայց իր իրերը ներկայացված չեն։ Իրավապահներին է դիմել, ցուցմունքներ գրել, բայց ստացած պատասխանը հուսադրող չէ։ Տարակուսած է՝ ինչպե՞ս վերադարձնի իր ապրանքը:

«Քննիչների եմ խնդրում ինչ-որ մի ձև էդ հարցն առաջ տան, գոնե այն բրենդները, որ իրենց ապրանքն այնտեղ դրված է, գոնե այդ մարդկանց այդ ապրանքը տվեք: Ի՞նչ է նշանակում ապացույց չունենք, որ դուք իրանց տվել եք, բա ես էդքան թղթեր եմ ներկայացնում: Ասում ա՝ երկրորդ կողմը փաստեր չի ներկայացնում, որ ձեզանից վերցրել ա, ես մեյլով ցույց եմ տալիս, որ ուղարկել եմ, ստորագրվել է այդ հաշիվ-ապրանքագիրը, դա հաստատում է», - նշեց Լուսինե Ավակիմյանը:

«Ազգային մոլ»-ը գործել է Թբիլիսյան խճուղում գտնվող կառույցներից մեկում։ Հաստատության սեփականատեր Ռուբեն Շահմուրադյանն «Ազատությանն» ասաց՝ ինքն էլ է խաբված։ Պատմեց՝ Հովհաննես անունով ներկայացած մի երիտասարդ իր հետ պայմանավորվել է որպես հայկական արտադրողներին ներկայացնող «Ազգային մոլ»-ի ղեկավար, պայմանավորվել են առաջին երեք ամսվա համար չվճարել, հետո՝ զեղչերով։ Ըստ Շահմուրադյանի՝ իր այդ ընդառաջումներից հետո, վարձակալներն անվճար ամիսները լրացրել են, 4-րդ ամսվա համար վճարել են մեկ ամսվա վարձն ու հետո որոշել դուրս գալ շենքից։ Տարածքի սեփականատերը ասաց՝ ինքն էլ հիշեցրել է պայմանագրային պարտավորություններն ու ասել, թույլ չի տա այն խախտել:

«Ասել եմ՝ մինչև ամսի 20-ը եթե վճարեցիր, կմնաս, չէ, դուրս կգաք, ամսի 20-ին չեն վճարել, չեն վճարել նաև կոմունիկացիաների արժեքները, կոտրել են երեք հատ մեծ վիտրինայի ապակիներ, մի խոսքով բավականին վնաս տալուց հետո չեն վճարել նաև իրենց անցած ամիսների վարձավճարը: Ես փակել եմ դռները և մինչև հիմա մնացել է փակ, ինչ վերաբերում է այդ ապրանքատերերին, ենթավարձակալ են դառել այդ երկու ՍՊԸ-ների, որոնք հենց այդ «Ազգային մոլ» հիմնարկության անունով ստեղծած ՍՊԸ-ներ են իրանց գումարներ են հավաքել 3 ամսվա վարձավճարները, ինչպես նաև շրջանառությունից գումարներ ու չեն վճարել ոչ մի գումար», - ասաց Շահմուրադյանը:

Ռուբեն Շահմուրադյանի պնդմամբ՝ «Ազգային մոլ»-ն օդից վերցված անվանում է, որպես այդպիսին գրանցված չի եղել, չունի գրանցված ապրանքանիշ։ Երկու տարբեր ՍՊԸ-ներ, ըստ նրա, իր հետ պայմանագիր է կնքել, որոնք էլ այդ մոլի գործունեությունն են ստանձնել։ Երբ վարձավճարը չի ստացել ու դռները փակել է, այդ ՍՊԸ-ների տնօրենները դիմել են իրավապահներին, վերջիններս էլ եկել ու հաստատության դռները կապարակնքել գնացել են, ասելով, որ հետաքննություն են իրականացնում։

Շենքի սեփականատերն ասում է՝ իր տարածքում փչացող արտադրանքներ կան, այդ թվում՝ սնունդ ու խմիչք, համաձայն է, թող իր գումարը տան ու տանեն դրանք. «Բողոք եմ գրել դատարանին՝ իմ սահմանադրական իրավունքները խախտելու և այդ շենքը չթողնելու, որ ես տնօրինեմ: Այդ երկու ՍՊԸ-ները, որոնք իմ հետ պայմանագիր են կնքել օրը մեջ տնօրեն է փոխվել, այդ տնօրեններից վերջինը եկել է ինձ մոտ, առաջարկել եմ՝ այ ընկեր, եկեք ձեր ապրանքները տարեք, վճարեք այդ վնասները կամ պայմանագիր կնքեք որևէ երաշխիքով, որովհետև այդ տարածքը ինձ պետք է, ու գնացել է անվերադարձ»:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանն «Ազատությանը» պատմեց՝ նախապես տեղի վճար են մուծել, դա չեն կարողանում վերադարձնել, տնօրեններ ներկայացած մարդկանց հեռախոսահամարներն էլ անջատված են։

«Տարբեր անուններ են շահարկվում, հիմա ես չեմ հասկանում՝ ով է իսկական տնօրենը, ով է հիմնադիրը, ով է բաժնետեր, ընդ որում երբ որ գտնում էիր իրենց անձնական հեռախոսահամարները, երկու օր հետո դրանք ևս անհասանելի էին», - պատմեց Ասլանյանը:

100-ից ավելի հայկական արտադրողներ են իրենց աշխատանքները ներկայացրել մոլում։ Ֆեյսբուքում բացված խմբում հավաքվել են «Ազգային մոլ»-ից տուժածներ: Մագդա Սարգսյանը ֆեյսբուքյան այդ խմբի հիմնադիրն է, վստահ է իր ձեռքի աշխատանքները չէր կարող հետ ստանալ, եթե ակտիվորեն չհանրայնանցներ խնդիրը։

«Ցավալին այն է, որ մեծ մասը միկրոձեռնարկություններ են եղել, այսինքն դեռևս բիզնեսում առաջին քայլերն են իրականացրել, բիզնեսի բարձր գրագիտություն չեն ունեցել և այսպես խումբն ենք արդեն համակիրների կազմում վստահելի անձանց, պատրաստվում ենք մինչև վերջ գնալ», - ասաց Սարգսյանը:

Երկու օր շարունակ մեզ չհաջողվեց «Ազգային մոլ»-ի ղեկավարների հետ խոսել, իսկ նրանք, որոնց հետ կապվեցինք՝ ասացին, որ այլևս կապ չունեն այդ նախագծի հետ։ «Ազգային մոլ»-ին. վարձակալությամբ տարածք հանձնած Ռուբեն Շահմուրադյանի նշած Հովհաննեսի հեռախոսահամարը երկու օր շարունակ անհասանելի մնաց։

Մոլի հետ այսօրինակ տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիների մի մասը դիմել է դատարան, ոմանք ոստիկանություն, որոշներն էլ ուղիղ Քննչական կոմիտե։ Խճճված այս նթնջուկը, որի մի կողմում տուժողներ են, մյուս կողմում «Ազգային մոլի» անհայտ ղեկավարներ, իրավապահների ուշադրության կենտրոնում է, քրեական գործ է հարուցվել, գործի ընթացքից տուժողները դժգոհ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG