Մատչելիության հղումներ

Մասնագետները բժշկական տուրիզմի մեծ պոտենցիալ են տեսնում Հայաստանում


Հայաստանում բժշկական տուրիզմի մեծ պոտենցիալ կա, որը, սակայն, մասնակի է օգտագործվում, նկատում է ատամնաբուժական կլինիկայի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

Նա ընդգծում է, որ դաշտը կանոնակարգված չէ, այսինքն՝ չկա մի մարմին, որը հենց միայն այս ոլորտով կզբաղվի, և այդ պատճառով բժշկական տուրիզմի զարգացման առումով խոչընդոտներ են առաջանում։

«Այսինքն՝ պետական մոտեցում, կամ որոշակի ՀԿ-ներ, որոնք մասնագիտացված կզբաղվեն ոչ միայն կլինիկաների կամ բժիշկների, այլև ամբողջ դաշտի, այսինքն՝ բոլոր շահառու կողմերի համախմբաբ և զարգացմամբ, այդպիսին չկան։ Միգուցե ժամանակի ընթացքում ինքնակազմակերպմամբ կձևավերվեն նման կառույցներ, բայց քանի դեռ դա չկա, դա լուրջ խոչընդոտ կհանդիսանալ։ Բժշկական տուրիզմը կամ դենտալ տուրիզմը դա միայն բժշկություն չէ։ Էնտեղ պետք է լինեն մարկետոլոգներ, պետք է լինեն մասնագետներ, ովքեր ստրատեգիայի զարգացմամբ կզբաղվեն, տուրիզմի ոլորտից փորձագետներ կլինեն։ Այսինքն՝ մի հատ մեծ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի, լինեն բոլոր շահառու կողմերը։ Եվ բոլոր շահառու կողմերի տաղանդի ներդրմամբ կկարողանանք մենք կկարողանանք մենք ստանալ պրոդուկտ, որը ներկայանալի կլինի աշխարհին», - ասաց Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ են օտարերկրացիները Հայաստանում հանգստի հետ համատեղում նաև այստեղի բժշկական ծառայություններից օգտվելը։ Բժշկի խոսքով, տարբեր ոլորտներում ունեն տաղանդավոր մասնագետներ, որոնք չեն զիջում արտասահմանցիներին, ծառայությունների արժեքներն էլ բավականին մատչելի են. - «Համադրելով որակը, արագությունը և արժեքը՝ գնային տարբերությունը, դա նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ մարդիկ փոխեն իրենց բնակավայրը և գան Հայասատնում բուժվեն։ Կոնկրետ ես կարող եմ մատնանշել ստոմատոլոգիական տուրիզմը և ստոմատոլոգիական բնագավառը։ Կան մասնավոր ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք ո'չ մասնագետներով, ո'չ տեխնոլոգիաներով չեն զիջում միջազգային մի շարք բարձրակարգ կլինիկաներին։ Եվ դա կարելի է ասել և' պլաստիկ վիրաբուժության, և' սրտաբանության, և' բժշկության մի շարք այլ ոլորտներում»։

Հատկապես ամռան ամիսներին, երբ տուրիստների մեծ հոսք է լինում, այս ատամնաբուժարան, օրինակ, այցելում են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ամերիկայից և այլ երկրիներից։ Բայց սա, բժշկի խոսքով, միայն մասնավոր կլինիկաների ջանքի շնորհիվ է։

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքում գրել էր։ «Տուրիզմի 319 տոկոս աճն էլ կլինի։ Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին»։

Քերոբյանը դեռ այս տարվա մարտին էր հայտարարել, թե այս տարի զբոսաշրջության ոլորտում աճը կկազմի 319 տոկոս։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով, աշխատելու դեպքում այս թիվը իրատեսական է՝ այդ թվում նաև բժշկական տուրիզմի շնորհիվ։ Ըստ մասնագետի, բժշկական տուրիզմի զարգացման մեծ ներուժ կա։

Այս ոլորտում մի քանի տարի է, ինչ, մասնագետի գնահատմամբ, դինամիկ զարգացում կա. - «Շատ կարևոր է, որ կարողանանք լավ ներկայացնենք համաշխարհային շուկային։ Էստեղ շատ նպատակային, ակտիվ, արդյունավետ մարքեթինգային քաղաքականության խնդիր ունենք։ Եվ ես կարծում եմ, մենք անպայման կունենանք հաջողություն, մանավանդ, որ այս ուղղությունը դինամիկ զարգանում է»։

Վերջերս հատկապես անվճար պատվաստման համար Հայաստան մեծ թվով Իրանի քաղաքացիներ են այցելում, ժամերով, օրերով սպասում վակցինացիայի իրենց հերթին։ Առողջապահության նախարարության որոշմամբ, սակայն, այսուհետ օտարերկրացիները կարող են պատվաստվել առնվազն 10 օր Հայաստանում մնալու դեպքում։

Մեխակ Ապրեսյանի խոսքով, այս որոշումը կայացնելիս պետք է շահագրգիռ կողմերի հետ քննարկում անցկացվեր, քանի որ նա իրատեսական չի համարում, որ տուրիստները 10 օր կարող են սպասել։

Ըստ մասնագետի, կարելի էր 3-5 օր սահմանել, կամ ընդհանրապես որևէ ժամկետ չսահմանվեր, փոխարենը, օրինակ, օտարերկրացիների համար պատվաստումը վճարովի դարձնել. - «Դա պիտի նաև ձեռնտու լինի եկողի համար, զբոսաշրջիկի համար։ Տասը օր դնելու դեպքում մենք սահմանափակում ենք, և շատ քչերը կկարողանան էդ պայմանով գան։ Ավելի լավ է որևէ ժամկետ չսահմանել»։
Զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է, որ 2021 թվականին Հայաստան կայցելի մոտ 700 հազար զբոսաշրջիկ։ Այս տարվա միայն առաջին կիսամյակում մոտ 240 հազար զբոսաշրջիկ է Հայաստան եկել։ Իսկ ահա 2020-ի միայն առաջին եռամսյակում, նախքան կորոնավիրուսի սահմանափակումները՝ Հայաստան էր այցելել ավելի քան 370 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG