Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքմենստանը ծանր զրահատեխնիկա է կենտրոնացնում Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերհեթաբադ (նախկին Քուշքա) քաղաքի մերձակայքում։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրները։
Գործակալության պնդմամբ` վերջին օրերին Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով տեղակայվել են տանկեր, զրահամեքենաներ և հրետանի։ Տեղական բնակչության պնդմամբ` վերջին օրերին սահմանի ուղղությամբ նաև զինծառայողների շարժ է նկատվել՝ առնվազն ութ բեռնատար։
Պաշտոնական Աշխաբադը այս քայլերին է դիմում` հաշվի առնելով Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները։ Վերջին մի քանի օրերին «Թալիբան» շարժան զինյալներին հաջողվել է ընդհուպ մոտենալ Թուրքմենստանի տարածքին՝ գրավելով այդ երկրի սահմանին գտնվող Թորգունդի քաղաքը։